Չեմ կարծում՝ որևիցե բան կարող է վնասել Արցախի ու Հայաստանի եղբայրությանը․ Ռուբինյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 17, 24News

Ռուբինյան

Ինչպե՞ս է գնահատում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն Արցախի նախագահների՝ Քոչարյանի գործով դատարան ներկայանալու փաստը, ի պատասխան՝ Ռուբինյանը նշել է՝ գնահատում եմ որպես փաստ։  

«Չեմ կարծում, որ որևիցե բան կարող է վնասել Արցախի և Հայաստանի ժողովրդի եղբայրությանը», - հավելել է Ռուբինյանը:

Հարցին՝ ի՞նչ նկատի ուներ վարչապետը, երբ գրում էր՝ «եթե ինչ-որ ուժեր Արցախը հակահեղափոխության կենտրոնի փորձեն վերածել, ապա Արցախի ժողովուրդը այն կվերածի հեղափոխության կենտրոնի», արդյոք Փաշինյանը նկատի ունե՞ր Արցախում անցկացվող ՀՅԴ ֆորումը, Ռուբինյանն ասել է.«Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ մամուլը պարբերաբար լարվածության մասին է գրում: Ըստ էության  հենց այս համատեքստում է այդ խոսակցությունը: Հաշվի առնելով այս ամենը՝ վարդչապետն այդ թվացյալ վտանգին է անդրադարձել»:

Ռուբինյանն անդրադարձել է նաև Արցախի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների մակարդակով ասված հակադրությունների մասին։

«Եթե հնչում են անտրամաբանական հայտարարություններ ինչ-որ պաշտոնյաների կողմից, ցավում եմ այդ պաշտոնյաների համար։ Բայց ուզում եմ կրկնել, որ որևէ պաշտոնյայի հայտարարություն, կարևոր չէ, թե ինչ ռանգի պաշտոնյայի կամ ինչ հայտարարության մասին ենք խոսում, պարզապես չի կարող որևէ լարում մտցնել Հայաստանի ու Արցախի ժողովուրդների միջև։ Ե՛վ Հայաստանի, և՛ Արցախի ժողովուրդները պատրաստ են ցանկացած պահի լիկվիդացնել նման վտանգը», - ասել է  Ռուբինյանը։

Պատգամավորը, անդրադառնալով ՀՅԴ-ի՝ Արցախում կազմակերպած ՀՀ-Արցախ ռազմավարական ֆորումին, որին մասնակցել էին նաև իշխանական պատգամավորները, նշել է, որ հիմքում այդ  տրամաբանությունն է, որ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի թեման կարևոր է։

«Այո՛, դա թեմա է, որ պետք է քննարկվի, եթե այս առումով նախաձեռնվի ինչ-որ բան, ապա պետք լինի ժամանակին ու տեղին արված նախաձեռնություն», - ասել է Ռուբինյանը՝ միևնույն ժամանակ վերջինս այս դաշինքի հետ կապված ժամանակացույց չասելով։