ՀՊՄՀ-ն որևէ «Սև ցուցակում» չկա և չի կարող լինել․ համալսարանի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1

Մանկավարժական համալսարանը «սև ցուցակում» չէ: Այս մասին հայտնում են ՀՊՄՀ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից՝ անդրադառնալով «Ժամանակ» օրաթերթի հրապարակմանը, թե կրթության և գի­տության նախարարությունը վերջերս դիմել է Ֆինանսների նախարարություն, որ Երևանի պետական մանկա­վարժական համալսարանին ներառեն գնումների «սև ցու­ցակում»՝ պետական գնում­ներին մասնակցելու իրա­վունք չունեցող ընկերություն­ների ցանկ: 

Նույն տեղեկու­թյունների համաձայն՝ ման­կավարժական համալսարա­նը գնումներ իրականացնե­լիս խախտումներ է թույլ տվել և հարուցել նախարարու­թյան դժգոհությունը:

Համալսարանի պարզաբանումը՝ ստորև.

««Ժամանակ» օրաթերթի՝ մայիսի 16-ի համարում «Սև ցուցակ» վերնագրով նյութում տեղ են գտել անճշտություններ, որոնց կապակցությամբ և ԿԳՆ –ն է պարզաբանմամբ հանդես եկել և Մանկավարժական համալսարանը: Մանկավարժականից հայտնում են, որ Հայկական պետական մանկավարժական համալսարանը որևէ «Սև ցուցակում» չկա և չի կարող լինել:

Գնումների գործընթացի մասին թերի տեղեկատվություն է տրվել, Մանկավարժական համալսարանը 2019թ. ապրիլի 9-ին մասնակցության հայտ է ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարարության հայտարարած դրամաշնորհի հատկացման մրցույթին, որի բացման նիստը հրավիրվել է ապրիլի 11-ին: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս ՀՊՄՀ-ն եղել է միակ մասնակիցը, քանի որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ՀՀ-ում օրենքով պահանջվող փորձառություն ունի միայն Մանկավարժականը:

Սակայն հանգամանքների չնախատեսված զուգադիպությամբ, Համալսարանում 2018թ. ֆինանսատնտեսական գործունեության մասով իրականացվող աուդիտի ընթացակարգով պայմանավորված, զուտ մի քանի ժամվա տարբերությամբ բանկային հաշվեհամարին առաջացել է հարկային պարտավորություն 5 մլն 611 հազ. դրամի չափով: Այն մի քանի ժամվա ընթացքում ամբողջությամբ մարվել է, ինչպես նաև եկամտային հարկի գծով փոխանցվել է հավելյալ 20 մլն դրամի չափով կանխավճար, և 2019թ. ապրիլի 10–ի դրությամբ միասնական հաշվին արդեն իսկ համալսարանը ունեցել է 21մլն 381 հազ. դրամի չափով գերավճար:  

Սակայն մրցույթի պահին նախարարությունը, որն արձանագրել է տվյալ պահի հարկային պարտավորություն, որը ինչպես նշեցինք, մի քանի ժամ անց մարվել է, իր գործառույթների շրջանակում դիմել է ֆինանսների նախարարություն և առաջարկել սկսել վարույթ:  Վերջնական որոշում դեռ կայացված չէ: Բայց քանի որ, ըստ էության, գնումների ընթացակարգում ստանձնած պարտավորությունների խախտում չի եղել, և զուտ տեխնիկական պատճառով փոքր ինչ ուշացվել է փոխանցումը, Մանկավարժական համալսարանը վստահ է, որ որոշումը դրական է լինելու մանկավարժական համալսարանի համար:

Ի դեպ, Մանկավարժական համալսարանը մասնակցելու է առաջիկայում  հայտարարվելիք սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դրամաշնորհային ծրագրի մրցույթին»: