Ես «Լոռի»-ի գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալու դժվարին որոշում եմ կայացրել. Դ. Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 17, 24News

.

«Լոռի»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որը մեջբերել է ակումբի մամուլի ծառայությունը.

«Ես «Լոռի»-ի գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալու դժվարին որոշում եմ կայացրել: Շատ ուրախ եմ, որ երկու տարի առաջ կարողացա իրագործել իմ կյանքի գլխավոր նպատակը և դարձա իմ հարազատ քաղաքում՝ Վանաձորում, ֆուտբոլային ակումբի ստեղծման մասնակիցը:

Մենք երկու հրաշալի տարի անցկացրեցինք:

Ակումբի կյանքի այդ ժամանակահատվածում մեզ շատ բաներ հաջողվեց իրագործել: Շատ բաներ էլ դեռ առջևում են: Ցավոք, այս մրցաշրջանում մենք չկարողացանք լուծել մեր առջև դրված խնդիրը: Ես լիովին կիսում եմ տեղի ունեցածի պատասխանատվությունը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ում հետ ինձ բախտ վիճակվեց աշխատել այս ընթացքում: Համոզված եմ, որ ակումբը պայծառ ապագա կունենա:

Շուտով հաստատ կտեսնենք նոր քաղաքային մարզադաշտի լեփ-լեցուն տրիբունաները, որտեղ, անկասկած, Հայաստանի լավագույն և ամենաբնական երկրպագուները մեծ հաղթանակների ականատես կլինեն:

«Լոռի»-ն անպայման Վանաձորի բնակիչներին ավելի երջանիկ կդարձնի:

Իմ սիրտը հավերժ կանաչ կլինի»,-ասված է հայտարարությունում: