Գարեգին Բ–ն հյուրընկալել է «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի գլխավոր քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 17, 24News

.

Մայիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի (ACT Alliance) գլխավոր քարտուղար Ռուդելմար Բուենո դե Ֆարիային՝ ուղեկցությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և գործադիր տնօրեն դոկտ. Կարեն Նազարյանի, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Դաշինքի գլխավոր քարտուղարը Նորին Սրբությանը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը՝ տեղեկացնելով, որ այն հումանիտար առաքելություն է իրականացնում ավելի քան 125 երկրում և միավորում է ավելի քան 150 հավատքահեն ու եկեղեցապատկան կառույցներ և եկեղեցիներ: 

Վերջինս նաև նշել է, որ դաշինքը բացի աղետներին արագ արձագանքումից, շահերի պաշտպանության և զարգացման ծրագրերից, տարբեր ոլորտներում օգնություններ է ցուցաբերում հակամարտության մեջ ներքաշված և բնական աղետներից տուժած երկրներին՝ ի մասնավորի նաև բռնության ենթարկված քրիստոնյաներին: 

Այս առումով, պրն. դե Ֆարիան ընդգծել է, որ դաշինքը սերտ փոխգործակցում է Միացյալ Ազգերի կազմակերպության և տարբեր երկրներում ու տարածաշրջաններում դաշինքի անդամ կազմակերպությունների հետ: 

«Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի և Կլոր Սեղանի միջև առկա գործակցության առիթով իր գոհունակությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսը` կարևորելով դաշինքի առաքելությունն արտակարգ իրավիճակների հաղթահարման գործում: 

Նորին Սրբությունը ողջունել է դաշինքի համագործակցությունը տարբեր եկեղեցական կառույցների հետ՝ նշելով, որ դա նպաստում է նաև Եկեղեցու առաքելության արդյունավետ իրագործմանը, քանզի Եկեղեցին հոգևոր խնամատարությունից բացի, սոցիալական ծառայության շրջագծից ներս նաև աղետներից և հակամարտությունից տուժածներին է բերում իր աջակցությունը:

Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը իր գնահատանքն է բերել «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի գլխավոր քարտուղարին ապրիլյան քառօրյայի և ապա 2019 թ. երաշտի ժամանակ Հայաստանին ցուցաբերված մարդասիրական օգնության համար:

Զրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել դաշինքի անդամ հանդիսացող Կլոր Սեղան հիմնադրամի գործունեությանը, որի համահիմնադիրն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Ընդգծվել է, որ այն տարիներ շարունակ, գործակցելով թեմերի և եկեղեցական կառույցների հետ, Հայաստանի տարբեր շրջաններում իրականացրել է զանազան օգտաշատ սոցիալական ծրագրեր` նպաստելով ժողովրդի բարօր ու բարգավաճ կյանքի կերտմանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և դաշինքի գլխավոր քարտուղարը խոսել են նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի և այդ գործընթացում Հայ Եկեղեցու ներգրավվածության մասին: Նորին Սրբությունը ողջունել է դաշինքի առաջարկը ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի հետ միասին համաժողով անցկացնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն է մաղթել գլխավոր քարտուղարին դաշինքի մարդասիրական աստվածահաճո ծառայության մեջ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս