18 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները պոլիոմելիտի դեմ լրացուցիչ պատվաստվելու են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

1

Հայաստանում 2019 թվականի մայիսի 20-ից հունիսի 20-ը 18 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների շրջանում կազմակերպվելու և իրականացվելու են պոլիոմելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ: Այս մասին մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Լրացուցիչ պատվաստումներ նախատեսված են չպատվաստված և թերի պատվաստված երեխաների շրջանում: Ինչո՞ւ է սա արվում, պատճառները մի քանիսն են: Նախ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածած հայտարարության համաձայն, հարևան Իրանում հայտնաբերվել է պոլիոմելիտի հարուցիչ: Հայաստանում պատվաստումների ցուցանիշի նվազումը կարող է նպաստել պոլիոմելիտի հետ վերադարձին՝ առաջացնելով երկրում հիվանդության բռնկման վտանգ և պատճառ դառնալ երեխաների կայուն հաշմանդամության՝ նույնիսկ մահվան»,-ասաց Գայանե Սահակյանը:

Հանրապետությունում 2018 թվականից դիտվում է պոլիոմելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների նվազում, օրինակ 2 տարեկանների շրջանում 2017 թվականին կազմել է 95 տոկոս, 2018 թվականին՝ 93 տոկոս, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում՝ 92 տոկոս: Կան համայնքներ, որտեղ պոլիոմիելիտի ընդգրկվածության ցուցանիշներն առանձին վերցրած ավելի ցածր են, քան միջին հանրապետական ցուցանիշը: Մասնավորապես, 92 համայնքում պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշները 95 տոկոսից ցածր են, այդ թվում 24 համայնքում՝ 60-90 տոկոս:

 «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» վարակաբան Գոհար Թամազյանը նշեց, որ Հայաստանում վերջին անգամ պոլիոմելիտի բռնկման դեպք գրանցվել է 90-ականների սկզբներին, իսկ հատ ու կենտ վերջին դեպքը գրանցվել է 1995 թվականին:

«Պոլիոմիելիտը բարձր վարակելիության վիրուսային հիվանդություն է: Այն կարող է առաջացնել կայուն հաշմանդամություն: Վիրուսի՝ օրգանիզմ ներթափանցումից լինում է մի քանի ելք: Առաջինը, երբ մարդն ունենում է նորմալ իմունիտետ, այդ դեպքում վիրուսը զարգացում չի ունենում: Երկրորդ դեպքում, երբ իմունիտետը ցածր է, այդ դեպքում մարդը հանդիսանում վարակի տարածման աղբյուր: Երրորդը, երբ մարդը թեթև է հիվանդանում, ու մնում է վիրուսակիր, իսկ ահա 4-րդ շրջանում առաջանում է հաշմանդամություն»,-ասաց Գոհար Թամազյանը:

Վարակաբանը նշեց, որ ներկա սերունդը չգիտի՝ ինչ է պոլիոմիելիտը, որովհետև հենց պատվաստումների շնորհիվ է հնարավոր եղել այդ արդյունքին հասնել: Քանի որ վերջին տարիներին պատվաստումների դեմ շարժում է սկսվել, մասնագետները պնդում են, որ դա կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: Չպատվաստելով ստեղծվում է պարարտ հող վարակիչ հիվանդությունների համար, մանավանդ, որ հարևան երկրում պոլիոմելիտի դեպք է արձանագրվել: