Շիրակի քրեական ոստիկանները թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքեր են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

photo_2025-02-06_18-49-42

Հունվարի 25-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի բնակիչ 57-ամյա տղամարդը քաղաքային այգիներից մեկում գտնվող և իր կողմից շահագործվող աղավնատանը պահում է թմրանյութ։

Ստացված տվյալներն իրացնելիս քրեակական ոստիկաններն այցելել են նշված վայր, որտեղ տղամարդը հայտնել է, թե ներկա պահին իր մոտ ոչինչ չկա, սակայն պատրաստ է թմրանյութ ներկայացնել աղավնատնից։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տղամարդը ներկայացրել է պարկ, որի մեջ կար 178 գրամ կանեփանման զանգված և մոտ 17 գրամ կանեփի սերմ: Նա հայտնել է, որ թմրամիջոցն իրենն է՝ անձնական օգտագործման համար։
-----------------------------
Հաջորդ տեղեկությունը Շիրակի քրեական ոստիկանները ստացել են փետրվարի 3-ին: Ըստ տեղեկության` Գյումրի քաղաքի բնակիչ 50-ամյա տղամարդը պահում և օգտագործում է «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, որը նրան իրացրել է 34-ամյա Գյումրու բնակիչը։
Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Գյումրիի Կարեն Դեմիրճյան փողոցում ձերբակալվել և Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն է տեղափոխվել 50-ամյա տղամարդը։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պլաստիկ տարա՝ լցված 70 մգ թափանցիկ հեղուկով, չօգտագործված երկու ներարկիչ և մեկ ապակե սրվակ:

Նույն օրը, արդեն թմրանյութ իրացնելու կասկածանքով, ձերբակալվել է նաև 34-ամյա տղամարդը։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 5 պլաստիկ տարա, 4-ը` լցված անգույն հեղուկով:

Նա հայտնել է, որ հեղուկը մեթադոնային լուծույթ է։

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ