Շրի Լանկայում ահաբեկչական գործողություններ կատարած մահապարտների ինքնությունը պարզվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

օդ

Շրի Լանկայի ոստիկանությունը պարզել է ապրիլի 21-ին կղզում մի շարք ահաբեկչական գործողություններ կատարած բոլոր ինը մահապարտների ինքնությունը, հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

Ըստ երկրի առողջապահության նախարարության՝  իրականացված ութ պայթյունների հետևանքով զոհվել է 250-260 մարդ, այդ թվում՝ 42 օտարերկրացի:

Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Ռուվան Գունասեկարուն, բոլոր մահապարտ ահաբեկիչների ինքնությունը պարզվել է ԴՆԹ թեստերի օգնությամբ: Թեստերը նաեւ հաստատել են, որ National Thowfeek Jamaath (NTJ) պարագլուխը եղել է նրանց թվում:

Առնվազն 89 կասկածյալներ են ձերբակալված ահաբեկչական գրոհներին հնարավոր մեղսակցության համար: Որոնողական գործողությունները շարունակվում են, բայց, ինչպես ավելի վաղ հայտնել է հանրապետության ոստիկանության պետի պաշտոնակատար Չանդանա Վիկրամարատնեն, այսօրվա դրությամբ «զատկական» պայթյունների բոլոր ենթադրյալ կազմակերպիչներն ու կատարողները ձերբակալված են կամ ոչնչացված:

Շրի Լանկայի իշխանությունները պայթյունների համար պատասխանատու են համարում  National Thowfeek Jamaath տեղական ծայրահեղական խմբավորմանը: