«Մարդիկ աշխատավարձերը ստանում են, մինչև տուն են հասնում՝ կրվում են»․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 24, 24News

Փաշինյան

Բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները Կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն իրենց դժգոհությունը հայտնեցին բուքմեյքերական գրասենյակների փակման հետ կապված: Նրանք նշեցին, որ ցանկանում են մինչև Ազգային ժողովում հարցը քննարկելը խոսեն վարչապետի հետ: 

Ի պատասխան բողոքողների՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Նախընտրական շրջանում ուր գնացել եմ ՝ Երևան քաղաքում,  բոլոր շրջաններում, մարդիկ համատարած իմ առջև խնդիր էին դնում, որ այսպես չի կարելի: Մարդիկ աշխատավարձերը ստանում են, մինչև տուն են հասնում, աշխատավարձերը կրվում են»:

Ըստ վարչապետի՝ իրեն բոլորն են ասել, որ այդ խնդիրը պետք է լուծվի: «Սա լուծման տարբերակն է, այն, որ մենք մտածել ենք, այն, որ մարդիկ պահանջել են, այն, ինչ մենք մարդկանց խոստացել ենք»,- ասաց նա:

Դրան ի պատասխան՝ բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներից մեկը հարց բարձրացրեց՝ արդյոք չե՞ն մտածել այն մարդկանց մասին, որոնք գրասենյակների փակման ժամանակ գործազուրկ են դառնալու: «Ուրիշ աշխատատեղ գտեք»,- արձագանքեց վարչապետը:  Դրան էլ բողոքողներից մեկը պատասխանեց, «Ուրիշ աշխատատեղեր չեն առաջարկել»:

«Մենք մոնոպոլիաները վերացրել ենք, տնտեսական խտրականությունները վերացրել ենք, համակարգային կոռուպցիան վերացրել ենք»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ իրենք խնդրի լուծման տարբերակն ընտրել են, եթե հավաքվածներն ունեն այլ լուծման տարբերակ, թող առաջարկեն:

Բողոքող քաղաքացիներից մեկն առաջարկեց, որ իրենց ղեկավարներից հանձնաժողով կազմեն և հանդիպեն վարչապետի հետ: Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ լավ կլինի իրենց առաջարկը գրավոր ներկայացնեն իր օգնականին, այն կարդալուց հետո, եթե հասկանան, որ այդ առաջարկները տրամաբանական և իրականանալի են, կհանդիպեն, կխոսեն: Նա հավաքվածներին խոստացավ անձամբ կարդալ:

«Այսօր կամ վաղը առաջարկը տվեք, ես խոստանում եմ՝ կկարդամ»,- ասաց նա: