Լավ եմ արել, օրենքով եմ արել 30 տարի առաջ․ Նարեկի գյուղապետը՝ քրգործի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Նարեկ

Արարատի մարզի Նարեկ գյուղի գյուղապետ 67-ամյա Գարուշ Հակոբյանը տեղյակ չէ իր նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին։ Այդ մասին գյուղապետը ասաց 24News-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Ես տեղյակ չեմ, որտեղի՞ց գիտեք, հանցագո՞րծ եմ, որ քրեական գործ է հարուցվել», - նշեց Գարուշ Հակոբյանը։

Դիտարկմանը, թե մամուլում տարածված տեղեկության համաձայն՝ Գարուշ Հակոբյանը Նարեկ գյուղի սելավատարի բետոնյա պատնեշները քանդել է ու տեղափոխել նույն գյուղում գտնվող իրեն պատկանող տարածք և դրանք օգտագործել շինության համար՝ որպես պարիսպ, գյուղապետը պատասխանեց․ «Լավ եմ արել, օրենքով եմ արել 30 տարի առաջ՝ 1992-ին»։

Հարցին՝ ինչո՞ւ է այդ դեպքում քրեական գործը հիմա հարուցվում, Հակոբյանը պատասխանեց՝ սուտ է, պետք է հիմնավորում լինի, հո հարուցելով չէ՞։

Այլ հարցերի գյուղապետը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ վատառողջ է, և ով հարուցել է գործը, նրան էլ հարցեր ուղղենք։

Ավելի վաղ մամուլում ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, համաձայն որի՝ Նարեկի գյուղապետի նկատմամբ մայիսի 24-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով: Ըստ աղբյուրի՝ քրգործը փոխանցվել է քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Աղբյուրը նշում էր, որ Նարեկ գյուղի սելավատարի բետոնյա պատնեշները քանդել է ու տեղափոխել նույն գյուղում գտնվող իրեն պատկանող տարածք և դրանք օգտագործել շինության համար՝ որպես պարիսպ։