Fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց. ԱԳՆ խոսնակը՝ նախարարի մասին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 25, 24News

ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Զոհրաբ Մնացականյանի առողջության վաթարացման վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերին։ Գրառումը՝ ստորև․

«Շաբաթ օրը ստացված կարելի է համարել, քանի որ fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց՝ գլխի չընկնելով հերթական «արտադրանքը» բաց թողնելուց առաջ ստուգել ԱԳ նախարարի օրակարգը և մինչ «ստեղծագործության» հրապարակումը արձանագրել, որ Զոհրաբ Մնացականյանն անցյալ շաբաթ գտնվում էր արտերկրում:

Հիշեցնենք, որ ստելը վնասում է ոչ թե ստախոսության թիրախի, այլ ստողի առողջությանը»:

Ավելի վաղ «168 ժամ» թերթը գրել էր, որ խիստ հավաստի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ աշխատավայրում կտրուկ վատացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առողջական վիճակը, ԱԳՆ աշխատակազմը ստիպված էր շտապ օգնություն կանչել:

Նախարարություն ժամանած բժիշկներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, պարզվում է՝ կտրուկ բարձրացել էր նախարարի արյան զարկերակային ճնշումը:

ԱԳՆ մեր աղբյուրները պնդում են, որ մինչ այդ Զոհրաբ Մնացականյանն իր իսկ նախաձեռնությամբ բավականին ծանր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ: