Թվարկում են Մանվել Գրիգորյանի 30 հիվանդություն, հետո ասում են՝ առողջ է․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 11, 24News

Մանվել Գրիգորյան

Դատարանն այսօր քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցը: Դատական նիստին պաշտպանական կողմը դատարանից խնդրեց փոխել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը վերացնել և կիրառել գրավով ազատ արձակելու վճիռ:

Այնուհետև գործով դատախազը լրատվամիջոցների ներկայությամբ սկսեց թվարկել Մանվել Գրիգորյանի հիվանդությունները, սակայն պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց չհրապարակել մարդու անձնական տվյալներ պարունակող փաստերը:

Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը հավելեց, որ սկսում են թվել Մանվել Գրիգորյանի 30 հիվանդություն, հետո ասում են՝ առողջ է:

Դատարանը բավարարեց միջնորդությունը, գործով դատախազը դադարեցրեց թվարկել Գրիգորյանի հիվանդությունները:

Գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանը նախաքննության ընթացքում զանգի միջոցով հարկադրել է իր ենթակային, որ նա իր վրա վերցնի այն ամենը, ինչում մեղադրվում է ինքը։

«Այո՛, Մանվել Գրիգորյանն Արցախի հերոս է, պետության համար որոշակի ծառայություններ է մատուցել, սակայն հերոսի համար պատիվ չէ առերևույթ կատարել այնպիսի արարքներ, որոնք նախատեսված չեն քրեական օրենսգրքով։  Մենք իրավական դաշտում ենք աշխատում և յուրաքանչյուր ոք հավասար է օրենքի առաջ. թե՛ շարքային քաղաքացին, և թե՛ հերոսը»,–հայտարարեց նա։

Վերջինս հավելեց, որ Մանվել Գրիգորյանը նիստերին չի եկել նաև այն ժամանակ, երբ եղել է «Նաիրի» ԲԿ-ում, միայն մեկ անգամ է եկել: Բացի այդ, ըստ դատախազի, նա հրաժարվել է դեղորայքներ ընդունել, և դրա համար ոչ պետությունն է մեղավոր, ոչ դատարանը: «Դեղորայք չի ընդունում, վիճակը ծանրանում է, պաշտպաններն ասում են՝ պետությունը խոշտանգում է»,- ասաց դատախազը:

Գործով մեղադրող մյուս դատախազ Հայկ Պետրոսյանը հավելեց, որ հիմնազուրկ են պաշտպանների բողոքները և պնդեցին, որ առաջին ատյանի դատարանի մայիսի 2-ի որոշումը օրինական է:

Պետրոսյանը հայտարարեց, թե Գրիգորյանի հիվանդության համար դրսում հետազոտություն անցնելը պատրվակ է, որ վերջինս լքի Հայաստանը, իբր թե հիվանդ է ու շաքարը բարձր է:

Դոլմազյանն  էլ հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվել է մնալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում և օգտվել բժիշկների հատկացրած դեղորայքից։

«Գրիգորյանը կտրականապես հրաժարվել է ընդունել առաջարկվող դեղորայքը և հայտնվել է մի վիճակում, որ նրան հոսպիտալացնեն։ Նրա արյան մեջ շաքարի մակարդակի նման բարձրացումը նրանից է, որ նա հրաժարվել է ընդունել դեղերը։ Դրա համար ոչ պետությունն է մեղավոր, ոչ քրեակատարողական հիմնարկը»,–ասաց նա:

Դոլմազյանն ընդգծեց՝ պետությունը պարտավոր չէ նրա համար բարձրակարգ հիվանդանոցային պայմաններ ապահովել։

Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանն էլ հակադարձեց՝ պետք է միայն մի փաստ հաշվի առնել՝ Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է կալանավորման ժամանակ: «Երբ նրան կալանավորում էին, շաքարը 7 էր, իսկ այսօր 27 է: Կալանքի պատճառով է ավելացել»,- նշեց նա:

Դատախազի հակադարձումներին, թե Մանվել Գրիգորյանը, գտնվելով ազատության մեջ, կխոչընդոտի գործին, Արսեն Մկրտչյանն արձագանքեց՝ նախաքննության ժամանակ չի խոչընդոտել, հիմա՞ պետք է խոչընդոտի: «Հիանալի նվեր ենք ստացել նախաքննության մարմնից: Նախաքննությունն ավարտվել է այնպես, որ պաշտպանության կարիք էլ չկա: Այնպես է արված, որ պետք է գնաս, վայելես արդար դատաքննության դեպքում ազատության բերկրանքը: Աստված չանի՝ մեկը փոխի ցուցմունքը: Ո՞ր մեկի ցուցմունքի վրա իմաստ ունի ազդել: Այդ ցուցմունքների վրա ազդելու համար մարդ պետք է ուղեղ չունենա, իսկ Մանվել Գրիգորյանը շատ հիվանդություններ ունի, բայց ուղեղի հիվանդություն չունի»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է դեղորայքից հրաժարվելուն, Մկրտչյանն ասաց, որ դատապարտյալների հիվանդանոցում չկային տարրական միջոցները, շաքարը չափելու սարքը նույնիսկ չկար:  «Մենք խոսում ենք այս կարգի խնդիրների մասին, դա արձանագրվել է որպես բացասական վարքագիծ՝ դեղորայքից հրաժարում, այն դեպքում, երբ անձը ստիպված է եղել պաշտպանել իր իրավունքները իրեն հասանելի բոլոր օրինական միջոցներով՝ այդ թվում նաև դեղադուլ հայտարարելով»,- ասաց Մկրտչյանը:

Ըստ պաշտպանի՝ դատապարտյալների հիվանդանոց տեղափոխման պահից Գրիգորյանի 5 պաշտպան կանգնած են եղել դատապարտյալների հիվանդանոցի առջև, և իրենց նկատմամբ կատարվել է հանցագործություն՝ խոչընդոտվել է իրենց փաստաբանական գործունեությունը, իրենց թույլ չեն տվել գտնվել իրենց պաշտպանյալի կողքին: «Գրիգորյանին ասել են գրի, ստորագրի: Ասել է պաշտպաններս դռների հետևում են, թող ներս մտնեն, խորհրդակցեմ և գուցեև կստորագրեմ, որ այստեղ ստանամ դեղորայքս»,- պատմեց նա և հավելեց, որ Գրիգորյանն այնպիսի մարդ է, որ կարող էին նրան թույն սրսկել:

Դատական նիստը կշարունակվի հունիսի 17-ին:

Տեսանյութեր

Live

Լրահոս