«Իրավունքի Եվրոպա միավորում»-ի նախագահ Լուսինե Հակոբյանն ընտրվել է ԱլԳ ՔՀՖ ԱՊ-ի համակարգող

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

բակո

«Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ից հայտնում են, որ 2019 թվականի հունիսի 7-ին կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանն ընտրվել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Ազգային պլատֆորմի համակարգող` այդ պաշտոնում փոխարինելով Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին:

Հաղորդվում է, որ Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումը (այսուհետ` նաև ԱլԳ ՔՀՖ) նպատակ ունի հզորացնելու քաղհասարակությունը՝ Արևելյան գործընկեր պետություններում, ինչպես նաև ամրապնդելու համագործակցությունը և փորձի փոխանակումը գործընկեր և ԵՄ անդամ պետությունների քաղհասարակության կազմակերպությունների միջև:

ԱլԳ ՔՀՖ-ի առաքելությունն է մեծացնել քաղհասարակության փորձագիտական ակտիվ ներուժի ներգրավումը Արևելյան գործընկերության ոլորտում, ինչպես նաև ԵՄ-ի արտաքին հարաբերությունների արևելյան չափման մեջ:

Ի լրումն սրա` այն նպատակ ունի հզորացնելու մասնակցային կառավարումը և քաղաքականության հաշվետու մշակումը Արևելյան գործընկերության անցումային ժողովրդավարության և եվրոպական ինտեգրացիայի հարցերում:

Ազգային մակարդակում ԱլԳ ՔՀՖ ազգային պլատֆորմը, որին անդամակցում են քաղհասարակության 260-ից ավելի կազմակերպություններ, նպատակ ունի ամրապնդելու հանրային դիսկուրսի և քաղաքականության մշակման բազմազանությունը և բազմակարծությունը Արևելյան գործընկերության անդամ պետություններում` կառավարություններին հաշվետու դարձնելով և խթանելով հիմնարար իրավունքները, մասնակցային ժողովրդավարությունը և մարդու իրավունքները:

Իր թեկնածությունը ներկայացնելիս Լուսինե Հակոբյանը շեշտել է, որ իր գործունեության ընթացքում կարևորելու է դատաիրավական բարեփոխումների ոլորտը և դատական համակարգի անկախացմանն ուղղված միջոցառումները և ջանք չի խնայելու այդ ոլորտում քաղհասարակության ներուժը միավորելու և իշխանությանը քաղհասարակության ձայնը լսելի դարձնելու հարցում: