Թող կողմնորոշվեն՝ գիտնական են, թե գողական․ ինչու՞ էր փակվել ԳԱԱ շենքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

«Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունն այսօր ԳԱԱ Պատմության ինստիտուտի դիմաց հանրային իրազեկման ակցիա է իրականացրել։ Նրանք բարձրաձայնել են Հայոց պատմության դասագրքերում Հնչակյան կուսակցության հետ կապված պատմական անճշտությունների մասին։ 

«Մեր ռեսուրսներն այնքան մեծ չէին, որ ամբողջ հայոց պատմությունը կարողանայինք ուսումնասիրել՝ դա բարդ և պրոֆեսիոնալ աշխատանք է։ Ուսումնասիրեցինք Հնչակյան կուսակցությանը վերաբերող հատվածներն ու դրանք ուղարկեցինք ԿԳՆ։ Պատասխան ստացանք, որ մասնագետների հետ քննարկում է պատրաստվում »,- ասաց երիտասարդական միության անդամ Ռադիկ Կարապետյանը։

Սակայն քննարկումն այնքան էլ արդյունավետ չի անցել։ Այդ իսկ պատճառով միությունը որոշել է իրականացնել հանրային իրազեկման ակցիա, որի ընթացքում երիտասարդներին են սկսել մոտենալ տարբեր մարդիկ և նրանց մի կողմ քաշելով՝ փորձել զրուցել։

«Երբ մենք իրականացնում էինք այդ ակցիան, մենք նկատեցինք, որ մեր ընկերներից առանձին- առանձին կանչում են ծառերի տակ, բազառներ են բռնում հետները։ Երևի կողմնորոշվեն, իրենք գողական են, թե գիտնական»,- ասաց Ռ․Կարապետյանը։