Աղիքային վարակներին բնորոշ գանգատներով քաղաքացիներ են դիմել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

1

Հունիսի 11-ին առողջապահության նախարարություն ահազանգ է ստացվել, որ աղիքային վարակներին բնորոշ գանգատներով 4 քաղաքացի դիմել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Անմիջապես ձեռնարկված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ հիվանդները մասնակցել են ընդհանուր միջոցառման: Հիվանդներից վերցվել են կենսանմուշներ լաբորատոր  հետազոտությունների համար: Վարակի աղբյուրի հայտնաբերման, ինչպես նաև պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով` ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:

Այդ թվում միջոցառմանը մասնակցած 300-ից ավելի քաղաքացիների հետ անհատական կապ է  հաստատվում: Աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Մեկ այլ դեպքով` հունիսի 6-ին, տանը կազմակերպված խնջույքից հետո աղիքային գանգատներով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց ընդունված բոլոր հիվանդներն արդեն առողջացել են: Կազմակերպված համաճարակաբանական ուսումնասիրությունների և հիվանդներից վերցված կենսանմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում հիվանդների մոտ վերջնական ախտորոշվել է սալմոնելոզ:

Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է. սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով, չօգտագործել տնային պայմաններում պատրաստվող և շուտ փչացող սննդամթերք, հում մթերքներից պատրաստվող սոուսներ, աղցաններ, սննդամթերքը պահել փակ տարողություններում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև՝ պատշաճ ջերմային պայմաններում, ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք, չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն, ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր, առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ:

Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն), սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում, պատահական վայերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած մթերք, հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո։