Գագիկ Ծառուկյանը հարցաքննության կանչվելու մասին Քննչական կոմիտեի ծանուցումը պատռել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Գագիկ Ծառուկյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատռել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը։ Այդ տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նաիրա Հարությունյանը։

«Հունիսի 11-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն առձեռն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը: Ավելին՝ քննչական կոմիտեն գրավոր Կոտայքի մարզային քննչական վարչության ոստիկանի կողմից ստացել է գրություն, որ նա առձեռն Ծառուկյանին փոխանցել է ծանուցումը, սակայն Ծառուկյանն անհարգալից վերաբերմունք դրսևորել իրավապահ մարմնի ներկայացուցչի նկատամբ՝ ծանուցումը պատռել ու դեն է նետել», - ասաց Նաիրա Հարությունյանը։

24news-ը փորձեց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանից տեղեկություններ ստանալ նախաքննական մարմին չներկայանալու պատճառների մասին, սակայն Տոնոյանը չպատասխանեց զանգերին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեն Ծառուկյանին հրավիրում է հարցաքննության Աբովյանում «Իմ քայլը» թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի մեքենայի հրկիզման դեպքի մասին արված հայտարարության հետքերով։

Իրավապահ մարմինները Գագիկ Ծառուկյանին բերման չեն կարող ենթարկել՝ հաշվի առնելով նրա պատգամավորական անձեռնմխելիությունը։