Տեսչական մարմինը ահազանգեր է ստանում, որ բենզալցակայաններում թերլցումներ են լինում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 13, 24News

բենզին

Կառավարության այսօրվա նիստին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։  

Ըստ նախագծի՝ առաջարկվում է վերացնել օրենսդրությամբ գործող չափագիտական վերահսկողություն իրականացնելիս ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը: «Տնտեսվարող սուբյեկտները, նախապես տեղեկանալով ստուգումների մասին, թերությունները վերացնում են ու պահանջվող նորմերին համապատասխանեցնում են միայն տվյալ օրը: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարբերաբար ահազանգեր է ստանում, որ բենզալցակայաններում թերլցումներ են լինում։ Առաջարկվող օրենքի փոփոխությամբ մենք փաստացի կարող ենք այդ խոչընդոտները վերացնել»,-ասաց Էդուարդ Աղաջանյանը։

Ըստ նրա՝ այս որոշմամբ կանխելու են նաև գազալցակայաններում տիրող նման իրավիճակը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն արձագանքեց, որ առաջարկում է, որ ստուգման ակտը դիտվի որպես ապացույց: «Քրեական գործերի քննության ընթացքում գերատեսչությունների կողմից անցկացված ստուգման ակտերը չենք կարողանում դիտել ապացույց միայն այն հանգամանքի համար, որ ստուգողները չեն նախազգուշացվում ակնհայտ կեղծ ակտ տալու համար»,-ասաց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց, որ կարող են համատեղ նախագիծը գրել: «Եթե հասցնենք, Ազգային ժողովում քննարկման ընթացքում հիմնական զեկուցողի կողմից այն կարող է ներմուծվել նախագծի մեջ ու ընթացք ստանալ»,-ասաց նա: