Միլիարդավոր դրամի հասնող անհամապատասխանություններ․ Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

1

Արձանագրվել են միլիարդավոր դրամի հասնող անհամապատասխանություններ, կան բազամաթիվ խեղաթյուրման փաստեր: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացնելով ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն՝ այս մասին հայտարարեց պալատի նախագահ Լևոն Յոլյանը:

Ըստ նրա՝ պալատը, ընդհանուր առմամբ, ներկայացրել է 359 տարաբնույթ առաջարկություն, որոնք, իրենց կարծիքով, կարող են բարելավել պետական մարմինների գործունեությունը:

Ըստ Յոլյանի՝ ընդհանուր հաստատված 25 հաշվեքննությունից ավարտված է 19-ը, 2-ը կասեցված է, իսկ 4-ի մասով աշխատանքները շարունակվում են. դրանք վերաբերում են ՊՆ-ին, ՀՀ համահայկական հիմնադրամին, Հայ-ռուսական համալսարանին և դեղերի շրջանառության պետական կարգավորմանն ուղղված ֆինանսատնտեսական  հաշվետվություններին: 

«Բոլոր ուղղություններով կազմվել է հաշվետվության 108 արձանագրություն, որից 14-ը գաղտնի»,-ասաց նա և նշեց, որ դրանք ամբողջությամբ ներկայացվել են հաշվեքննության օբյեկտների ղեկավարներին, որոնք էլ իրենց հերթին ներկայացրել են առարկություններ:

ՀՀ  Հաշվեքննիչ պալատի նախագահը նշեց, որ ասելիքը շատ է և նյութերից մի քանիսի օրինակով ներկայացրեց առավել ուշագրավ փաստերը:

Նա անդրադարձավ Քաղաքացիական ավիացիայի մասին բացահայտումներին, և ասաց, որ յուրաքանչյուր տարի պետական բյուջեից «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին միջոցներ է հատկացվում ուսանող օդաչուների ուսումնավարժանքային թռիչքների իրականացման համար. ընկերությունը վարձակալել է «DIAMOND 40» տիպի օդանավ:

Լևոն Յոլյանը նշեց, որ 2013-ից սկսած այդ օդանավի վարձակալության համար պետական ընկերությունը վճարել է 600 մլն դրամ, իսկ մինչև այդ օդանավը ընկերության կողմից ներմուծվել է 2013-ին՝ 86,2 մլն դրամ արժեքով: «Ստացվում է այս տարիների ընթացում վարձավճարը 7 անգամ շատ է քան օդանավի արժեքը»,-ասաց նա:

Սոցապահովության մասով ասաց, որ տեղեկատվական բազաների՝ սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի և բնակչության պետական ռեգիստրի և այլ շտեմարանների տվայլների համադրումը վկայում է, որ կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացում առկա են խոշոր չափերի ռիսկեր, ավելի քան 15 մլրդ դրամի:

Նա հստակեցրեց, որ երկրից 12 ամիս բացակայող աշխատանքային կենսաթոշակ ստացող շահառուներին անկանխիկ եղանակով փաստացի վճարվել է 702.6 մլն դրամ, կանխիկ եղանակով՝ 619.1 մլն դրամ: ՀՀ-ից 3-ից 9-ը ամիս բացակայող աշխատանքային կենսաթոշակ ստացող շահառուներին անկանխիկ եղանակով փաստացի վճարվել է 9 մլրդ դրամ, իսկ կանխիկ եղանակով՝ 4 մլրդ դրամ: Երկրից բացակայող և այլ անձին լիազորագրով այդ իրավասությունը չտված անձին կենսաթոշակի տրամադրումը ռիսկային է:

Յոլյանն ասաց, որ մեկ անձի կողմից նպաստ ստանալու բազամաթիվ դեպքեր են արձանագրվել: Ըստ նրա, 90 մլն դրամ գումարի չափով 60 անձ ստացել է 440 թաղման նպաստ:

Նա նաև նշեց, որ ընտանեկան նպաստի համակարգի ծրագրում արձանագրվել են էական խեղաթյուրման փաստեր՝ 1193 դեպք 2,3 մլրդ-ի չափով: