«Նոր» Հայաստանում ազգականին պաշտոնի նշանակելը «սուրբ գործ» է․ «Իրատես»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Հասարակություն

«Իրատես» թերթը գրում է. «Անմար է Արարատի մարզպետի սերը կոկորդիլոսների հանդեպ: Պատեհ ու անպատեհ առիթներով խոսում է երկկենցաղների մասին ու դարակազմիկ բացահայտումներ անում: Օրեր առաջ էլ հայտնագործել է, որ նրանք ինչ-որ ժամանակ թռել են, ինչը համացանցում կոմիքսների ու հումորային գրառումների թեմա է դարձել:

Կոկորդիլոսի մասին նրա անվերջանալի պատմություններն արդեն ծիծաղելի չեն. մանավանդ, երբ գիտակցում ես, որ հասարակության ուշադրությունը կարեւոր ինչ-որ թեմայից շեղելու համար «անմեղ» մարզպետներն ու չինովնիկները հայտնվում են հրապարակում ու նման բաներից խոսում:

Կոկորդիլոսը թռել է, թե չի թռել, ձու է ածել, թե ձվադրել է, թող կենսաբանները որոշեն, իսկ նրա գործը մարզի ոռոգման ջրի հարցերով զբաղվելն է, կարկտահարության դեմ միջոցներ ձեռնարկելը եւ այլ կնճռոտ հարցեր: Այլապես տպավորություն է, թե իր հարազատներին աշխատանքի տեղավորելուց ու կոկորդիլոսների «դարդը քաշելուց» բացի, այլ անելիք չունի:

Օրերս Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցում Գարիկ Սարգսյանն ասել է, որ իր երկու ազգականներին պաշտոնների է նշանակել ոչ թե այն բանի համար, որ այդ մարդիկ իր հարազատներն են, այլ որովհետեւ լավ մասնագետներ են:

Առհասարակ միտում չունենալով կասկածի տակ դնելու նրա ազգականների մասնագիտական հմտությունները՝ ուզում եմ հիշեցնել ընդամենը, որ նախկին պաշտոնյաները նույնպես այդ արդարացումն էին բերում այն քննադատություններին ի պատասխան, թե ինչու են յուղոտ պաշտոններին իրենց ազգականներին նշանակում:

Նախկինների նման աշխատաոճը հասարակությունը տանել չէր կարողանում, մեկ տարի առաջ փողոց փակող մարդիկ ասում էին, թե խնամի-ծանոթ-բարեկամ երեւույթը պետք է մերժելի լինի «նոր» Հայաստանում:

Բայց այժմ, փաստորեն, լավ էլ տեղ ունի, իսկ մարդիկ դրան նորմալ են վերաբերվում: Պարոն Գարիկ Սարգսյանի մեկ այլ ազգականի պաշտոնի նշանակելը սակայն անհետեւանք չանցավ: Ավշարի դպրոցում թե ուսուցչական կոլեկտիվը, թե աշակերտները, թե նրանց ծնողները չէին համակերպվում ընտրված տնօրենի եւ ուսմասվարի հետ (վերջինս Սարգսյանի մորաքրոջ հարսն էր):

Մեր տեղեկություններով՝ տնօրենը Սարգսյանի հովանավորությամբ պատահաբար չէր նշանակվել: Պարզվում է՝ հղի կնոջը հեռահար նպատակներով է աջակցել, որ ֆիզարձակուրդ գնալուց հետո իր ուսմասվար ազգականը տնօրեն դառնա: Ընդամենը մի քանի օր պաշտոնավարած տնօրենը, սակայն, հանրային ճնշման տակ հրաժարական տվեց, մարզպետի «պլան Բ- ն» կիսատ մնաց, փոխարենն իմացանք ազգականին պաշտոն տալը հին ու նոր Հայաստան չի ճանաչում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում