ԲԴԽ հերթական անդամն է հրաժարական տվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը քիչ առաջ հրաժարականի դիմում ներկայացրեց։ Այդ մասին տեղեկացնում են ԲԴԽ լրատվական ծառայությունից։

Իր հրաժարականի դիմումում Մեղրյանը խնդրել է խորհրդի առաջիկա նիստում իր լիազորությունները համարել դադարած՝ խորհրդարանական ուժերին տալով հնարավորություն թափանցիկ ընթացակարգով խորհուրդը համալրելու փորձառու, բարձր մասնագիտական որակներ ունեցող, հանրորեն ընկալելի եւ անկախ գործելու ունակությամբ օժտված այլ անդամով։

Ներկայումս ԲԴԽ–ում մնացել է հինք անդամ՝ դատավորների կազմից՝ Լիպարիտ Մելիքջանյանը, Արմեն Բեկթաշյանը, Սերգեյ Չիչոյանը, Անի Մխիթարյանը, իսկ իրավաբան–գիտնական կազմից միայն Հայկ Հովհաննիսյանը։

Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից` հինգը գիտնական–իրավաբաններ են, հինգը՝ դատավորներ։

Այսպիսով՝ ԲԴԽ թափուր մնացած անդամներից երկուսի հարցը պետք է լուծի դատավորների ընդհանուր ժողովը՝ ընտրելով դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից, իսկ խորհրդի մյուս անդամին՝ պետք է ընտրի Ազգային ժողովը՝ իրավաբան գիտնականների եւ այլ հեղինակավոր իրավաբաններից։

Նախօրեին հրաժարականի դիմում էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը։ Ավելի վաղ՝ մայիսի 24-ին հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, երկու շաբաթ անց՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գեւորգ Դանիելյանը: Իսկ  2018թ. հոկտեմբերի 27–ին էլ դադարեցվել էին ԲԴԽ դատավոր անդամ Ռուզաննա Հակոբյանիլիազորությունները։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները ներկայումս ժամանակավորապես կատարում է խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանը։