ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում անցկացվել է հանրային քննարկում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

ԱՍ

Հունիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում անցկացվել է  հանրային քննարկում գյուղատնտեսական ծրագրերի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի, ներառյալ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի նախագծերի վերաբերյալ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ։ Քննարկումը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը,  հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Վերջինս իր խոսքում կարևորել է ոլորտի հասարակական կազմակերպությունների, մասնագետների հետ ակտիվ համագործակցությունը և նման ձևաչափով քննարկումների անհրաժեշտությունը, ինչը կնպաստի գյուղատնտեսական քաղաքականությունն առավել արդյունավետ, բյուջետային գործընթացն առավել թափանցիկ և ներառական, ծախսային ծրագրերը՝ նպատակային ու հիմնավոր դարձնելուն։

Քննարկման սկզբում մասնակիցներին ընդհանուր ուղղություններով ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության ծրագրով միջնաժամկետ ժամանակահատվածի նպատակադրումները, գերակա ծրագրերը, սահմանված ելակետային և թիրախային ցուցանիշներն  ու ժամկետները։

Մասնավորապես առաջիկա երեք տարիների համար նախանշվել է բյուջետային գումարներն ուղղել չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման, ոռոգման ջրի հասանելիության մակարդակի բարձրացման, նոր տեխնոլոգիաների կիրառման, մեքենատրակտորային համակազմի թարմացման, ագրոպարենային համակարգի սարքավորումների, սննդի անվտանգության համակարգերի ներդրման, տեղական սերմնաբուծության, սերմարտադրության և ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման, կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական գործունեության զարգացման, ապահովագրական համակարգի ներդրման և գյուղատնտեսությունում տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությունների ֆինանսավորմանը։

Այնուհետև ծավալվել է շահագրգիռ քննարկում և մտքերի փոխանակություն մասնակիցների միջև։ ՔՀԿ-ների ներկայացուցիչների կողմից բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին կոոպերատիվների աջակցությանը, պետական օժանդակությամբ իրականացվող սուբսիդավորման վարկային ծրագրերին, գյուղացիական տնտեսությունների ուղիղ ֆինանսավորմանը, օրենսդրական փոփոխություններին, սննդամթերքի անվտանգությանը, ապահովագրական համակարգի ներդրմանը  և այլ հարցերի։