Հարցազրույցի ընթացքում Փաշինյանն ինքն իրեն փորձում էր համոզել, որ պետք է փոխել․ Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 15, 24News

Ղազինյան

Վարչապետի հարցազրույցը առաջացրեց շատ հարցեր, բայց ամենակարեւոր հարցը, թերեւս, դա «ում հետ էր խոսում Փաշինյանը» հարցն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

Ղազինյանի գրառումը՝ ստորև․

«Վարկածները շատ են, յուրաքանչյուրն ունի իր եւ՛ հաստատող, եւ՛ բացառող փաստարկները։ Միակ վարկածը, որ չի կարելի բացառել, դա հետեւյալն է. Փաշինյանը խոսում էր ինքն իր հետ, քանի որ իշխանության մեջ իրենից բացի այլ լեգիտիմ մարմին չկա։ Թվում է, թե Ազգային ժողովը լեգիտիմ է, ընտրվել է ազատ եւ արդար ընտրություններով, սակայն լեգիտիմության հիմնական կրողը եղել եւ մնում է ինքը, Նիկոլ Փաշինյանը։

Հարցազրույցի ամբողջ ընթացքում ինքն իրեն փորձում էր համոզել, որ պետք է փոխել, փոխվել, գտնում եւ արտաբերում էր հիմնավորումներ։

Կարծես գիտակցել էր, որ բարեփոխումների օրակարգ բացակայությունը եւ այն արտադրելու անկարողությունը ի վերջո հանգեցնելու է իր եւ իր իշխանության սնանկացման։

Փորձում էր սրբագրել իր նախկինում արված անզգույշ ու չմտածված հայտարարություններն ու վտանգավոր գործողությունները, ներկայանալ նոր իմիջով, վերջում գալով մի կարեւոր եզրակացության. կամ սկսում ենք իրական եւ խորքային բարեփոխումներ եւ փոխում ենք ժառանգություն ստացած ձախողված կառավարման համակարգը, կամ էլ հեռանում։

Հաջողվե՞ց Փաշինյանին համոզել իրեն սկսել բարեփոխումների լայնամասշտաբ գործընթաց, թե ոչ, պարզ կդառնա առաջիկա ամիսների ընթացքում։

Իսկ ես իմ կողմից կարող եմ փաստել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար իրական եւ համակարգային բարեփոխումներ նախաձեռնելու ռեսուրսն ու հնարավորություններն արդեն սպառվել են։

Մնում է գտնել ամենակարեւոր հարցի պատասխանը. ով է գլխավորելու խորքային եւ համակարգային բարեփոխումների գործընթացը Հայաստանում»: