Թուրքիայի ՊՆ-ը հերքել է Ռուսաստանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 15, 24News

.

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերքել է Ռուսաստանի ՊՆ-ի տարածած այն հաղորդագրությունը, համաձայն որի ռուսական օդուժը Թուրքիայի կողմից տրված կոորդինատների ուղղությամբ ավիահարվածներ է հասցրել Իդլիբի թուրքական դիտակետը հրետակոծած զինյալներին: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Միջանկյալ նշենք, որ հունիսի 13-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր արել, որ ռուսական օդուժը 4 անգամ ավիահարված է հասցրել այն զինյալներին, որոնք հունիսի 12-ի գիշերը հրետակոծել էին Իդլիբի թուրքական դիտակետը: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ թուրքական բանակը իր զինվորներին պաշտպանելու համար ռուսական զինուժից պահանջել էր օդային հարվածներ հասցնել «Իդլիբի ահաբեկիչների» ուղղությամբ:

Թուրքիայի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները առ այն, որ ռուսական օդուժը Թուրքիայի պահանջած կոորդինատների ուղղությամբ թուրքական դիտակետը հրետակոծած ահաբեկիչներին ոչնչացրել է, չի համապատասխանում իրականությանը»:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Թուրքիայի ՊՆ-ը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ Սիրիայի կառավարական ուժերն իրենց վերահսկողության տակ գտնվող Աս-Շարիա շրջանից 35 անգամ հրետակոծել են 3 կմ հեռավորության վրա գտնվող Զավիյա լեռան շրջանի թուրքական դիտակետը: Սրա հետևանքով 3 թուրք զինվոր էր վիրավորվել:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս