Դատարանը կալանավորել է Առատաշեն գյուղում կնոջն ու կնոջ եղբորը սպանած 63-ամյա տղամարդուն

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 15, 24News

.

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 14-ին կալանավորել է Առատաշեն գյուղում կնոջն ու կնոջ եղբորը սպանելու մեջ մեղադրվող 63-ամյա Ժորա Հակոբյանին, հաղորդում է Shamshyan.com-ը։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին սպանություններ էին տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ Առատաշեն գյուղի տներից մեկում 2 դի կա։ Ոստիկանները նշված գյուղի տներից մեկի հյուրասենյակում և հողամասում հայտնաբերել են դիերը։

Կնոջ՝ 61-ամյա Ջեմմա Մարտիրոսյանի դին հայտնաբերվել է հողամասում, իսկ նրա եղբոր՝ 70-ամյա Սարգիս Մարտիրոսյանի դին՝ հյուրասենյակում։

Մինչ դատաբժիշկը տեղում դիակների զննություն էր կատարում, Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված սպանությունները կատարելու կասկածանքով ստացված օպերատիվ տվյալներով հայտնաբերել և ոստիկանության Վաղարշապատի բաժին էին բերման ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 63-ամյա Ժորա Հակոբյանին։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել էին, որ Ժ. Հակոբյանը սպանված Ջ. Մարտիրոսյանի ամուսինն է, իսկ Ս. Մարտիրոսյանը՝ նրա կնոջ եղբայրը, ով նշված անձանց սպանել է հրացանով։

Ոստիկանները հայտնաբերել էին կրակված մի քանի պարկուճներ, արնանման հետքերով «քլունգ», որոնք քննիչի որոշմամբ առգրավվել էին: