Եկամտային հարկի համահարթեցումը կնպաստի աղքատության խորացմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Հասարակություն

ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված մի շարք օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ։

ՀՀ ԱԺ-ին ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծերի փաթեթի (այսուհետ տեքստում՝ Նախագծեր) հիմ­­նական նպատակներն են հայտարարված ազգա­յին տնտե­սու­թյան մրցու­նա­կու­թյան և ներդրումային գրավչության բարձ­րաց­ման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխու­թյուն­ների իրա­կա­նա­ցումը, ինչ­պես նաև միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համա­կարգի շարունակական պարզեցումը:

Իսկապես Նախագծերով լուրջ քայլ է կատարվում միկրոձեռնարկատիրության զարգացմանը խթանելու ուղղությամբ, ինչը արտահայտվում է մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող գործարարաներին հարկելուց ազատելու, ինչպես նաեւ հարկման տարբեր համակարգերը միավորելու և պարզեցնելու մեջ: Դրան զուգահեռ բարձրացվում է շրջանառության հարկի շեմը մինչև 115 մլն դրամի:

Վերոհիշյալի հետ մեկտեղ առաջարկվում են փոփոխություններ ուղղակի հարկերի դրույքաչափերի ուղղությամբ, որոնք ըստ մեզ մասնագիտորեն հիմնավորված չեն, հակասում են ինչպես միջազգային փորձին, այնպես էլ ՀՀ սահմանադրությամբ հռչակված ու ամրագրված դրույթներին:

Ուղղակի հարկերի դրույքաչափերի կիրառման այսպիսի մեղմ քաղաքականությունը բնականաբար առաջացնում է ՀՀ պետական բյուջեի մեծ ծախս, ակնհայտորեն զգալիորեն նվազեցնելով դրա եկամուտները:

Ահա այդ ծախսը փակելու նպատակով էլ Նախագծերով առաջարկվում են ակցիզային հարկերի դրույքաչափերի արագացված փոփոխություններ՝ դրանց կտրուկ բարձրացման ուղղությամբ:

Այս պարագայում եկամտային հարկի համահարթեցման սկզբունքը վիճարկելի է սոցիալական իրավունքների և սոցիալական արդարության տեսանկյունից:

Այդ փոփոխությունները առաջին հերթին դրականորեն կազդեն բարձր աշխատավարձ ստացող պատգամավորների, կառավարության անդամների, գործադիր իշխանության այլ մարմինների ղեկավարների, ֆինանսա-վարկային ու բանկային համակարգի աշխատողների, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղված շուրջ 1700 անձանց վրա՝ մեծացնելով նրանց կողմից տնօրինվող եկամուտների չափը:

Մինչդեռ այդ փոփոխությունները, մեր գնահատմամբ կառաջացնի լուրջ գնաճային ճնշում՝ տարեկան 4-5 տոկոսի չափով, ինչի արդյունքում կնվազի առավել ցածր աշխատավարձ ստացողների, կենսաթոշակառուների, նպաստառուների վճարունակ լինելու պահանջարկը, ինչն էլ իր հերթին կնվազեցնի համախառն սպառման մակարդակը:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը գտնում է, որ Նախագծերով նախատեսված եկամտային հարկի համահարթեցման առաջարկությունը.

  • կհանգեցնի ցածր աշխատավարձ ստացողների կողմից տնօրինվող եկամտի անուղղակի փոքրացմանը և բարձր աշխատավարձ ստացողների կողմից տնօրինվող եկամուտների ուղղակի բարձրացմանը,
     
  • սոցիալական առումով դա կհանգեցնի օրենքով Ջինի բարձր գործակցի ամրագրմանը, ինչը կնպաստի աղքատության խորացմանը,
     
  • սոցիալական առումով դա կհանգեցնի նաև օրինական հարստացողների դասի առաջացմանը, սակայն նրանցից չեն պահանջվելու վճարել բարձր հարկեր,
     
  • մակրո մակարդակում դա կհանգեցնի վճարունակ պահանջարկի, դրանով պայմանավորված՝ նաև՝ համախառն սպառման, նվազեցմանը,
     
  • մակրո մակարդակում դա կհանգեցնի նաև համախառն կուտակման մեծացմանը, և վերջինս, ինչպես ցույց է տալիս փորձը, չի եղել և առայժմ չի կարող լինել ներդրումների ներքին աղբյուր և կհանգեցնի ֆինանսների արտահոսքի ՀՀ-ից,
     
  • կհանգեցնի բացասական ֆիսկալ էֆֆեկտի՝ պետական բյուջեի եկամուտների զգալի նվազեցմանը,
     
  • կմեծանան արտագաղթի տեմպերը,
     
  • կմարի տնտեսական ակտիվությունը,
     
  • լուրջ վտանգներ կառաջանան երկրի պաշտպանունակության, ինքնիշխանության ու անկախության պահպանման հրամայականներում:

Ելնելով վերոհիշյալից, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը առաջարկում է.

  1. վերանայել եկամտային հարկի համահարթ տարբերակը, սահմանելով միջազգայնորեն ընդունված պրոգրեսիվ եկամտային հարկահանություն,
     
  2. անվերապահորեն կիրառել «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանարապետության 2004 թ. մարտի 16-ի օրենքի պահանջները և դրա դրույթներին համապատասխան հաշվարկված ամենամյա «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի ևկենսաապահովման նվազագույն բյուջեի» չափով սահմանել «չհարկվող շեմ».
     
  3. ակցիզային հարկի տնտեսագիտական բովանդակությանը համահունչ ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների անվանացանկը լրացնել վնասակար սպառում ենթադրող և շքեղություն բնութագրող ապրանքատեսակներով,
     
  4. բարձրացնել 40 մլն դրամից ավել անշարժ գույքի գույքահարկի դրույքաչափերը՝ սահմանելով շքեղության հարկին համահունչ դրույքաչափեր,
     
  5. բարձրացնել բնօգտագործման հարկի և բնապահպանական վճարի դրույքաչափերը,
     
  6. դադարեցնել Հարկային օրենսգրքում շարունակաբար և հաջորդաբար փոփոխություններ կատարելու պրակտիկան,
     
  7. սահմանել հարկային քաղաքականության նպատակները թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված նոր իրավիճակում և ըստ այդմ մշակել նոր հարկային օրենսգիրք,
     
  8. սույն առաջարկներով պայմանավորված փոփոխությունների կիրառումը նախատեսել 2020թ. հունվարի 1-ից: