Ստավրոպոլում շղթայական ավտովթարից 4 հայ է տուժել․ ՀՀ ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

հհ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ է հայտնել հունիսի 17-ին՝ ժամը 08:00-ի սահմանում Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասին Կոչուբեևսկի շրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ից:

Ըստ ՀՀ ԱԻՆ-ի՝ պատահարի հետևանքով տուժել է 6 քաղաքացի, որոնցից 4-ը՝ հայ: Տուժածները տեղափոխվել են Նեվիննոմիսկի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները, ըստ նախնական տվյալների, նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Ավելի վաղ «Stv24.tv»-ն, հղում անելով ՌԴ ՆԳՆ պետավտոտեսչության Ստավրոպոլի երկրամասի հարցերով վարչության պաշտոնական ներկայացուցիչ Եվգենիյ Սինիցինին, հայտնել էր, որ ՌԴ «Կովկաս» դաշնային ավտոմայրուղու 250-րդ կիլոմետրին 6 մեքենաների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Հաղորդվում է 6 տուժածի մասին, որոնք հոսպիտալացվել են։

Պետավտոտեսչության տվյալների համաձայն՝ վթարը տեղի է ունեցել երևանյան ժամանակով ժամը 9:00-ի սահմանում՝ հայկական պետհամարանիշով Honda մինիվենի, KIA մեքենայի, Մոզդոկ-Կրասնոդար երթուղին իրականացնող Mercedes միկրոավտոբուսի, Hyundai մակնիշի բեռնատարի, «ՎԱԶ-2112» և «ՎԱԶ-2112» մեքենաների մասնակցությամբ: 6 մեքենաներում եղել է 32 մարդ:

Վթարի պատճառի վարկածներից մեկն արագության գերազանցումն է, ինչպես նաև վարորդների կողմից մեքենաների միջև հեռավորությունը չպահելը: Դեպքի հանգամանքները պարզվում են: