ՄԻՊ-ը ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումներին աջակցելը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

.

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի–Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին, դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. գործողությունների ծրագրին։

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ դատական համակարգում առկա են հրատապ լուծում պահանջող խնդիրներ: Մասնավորապես, առկա են խնդիրներ կապված դատարանների արտաքին ու ներքին անկախության, դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության պակասի հետ և այլն։

 Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ այս ոլորտին վերաբերող հարցերը գտնվում են իր ամենօրյա ուշադրության ներքո և պատրաստակամ է աջակցել Կառավարությանն ու Ազգային ժողովին բարեփոխումների հարցում: Նա նաև կարևորել է քաղաքացիական հասարակության դերն այս բոլոր գործընթացներում և պատրաստակամություն հայտնել խթանել նաև նրանց մասնակցությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում բարեփոխումների ու իրավունքի գերակայության ամրապնդման հարցերում:

Գաբրիելա Բատաինի–Դրագոնին ներկայացրել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. գործողությունների ծրագրի ուղղությունները և կարևորել Մարդու իրավունքների պաշտպանի դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը երկրում մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան։