Կեղծ թղթադրամ պատրաստողն ու իրացնողը հայտնաբերվել են․ գտել են նաև կեղծ 5000 դրամները

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

կեղծ

Հունիսի 17-ին ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևանի Երվանդ Քոչար փողոցից՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտից, կեղծ փողեր պատրաստելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ նա Երևանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչը 42-ամյա Արթուր Փ.-ն է։ Ոստիկանների օպերատիվ տվյալները հավաստի են եղել, և նրա մոտ հայտնաբերվել են մի քանի հատ 5000 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։ Ոստիկանները պարզել են, որ Արթուր Փ.-ի հետ մասնակից է Արմավիրի մարզի բնակիչ՝ 34-ամյա Բաբկեն Բ.-ն։ Ոստիկանները կարճ ժամանակ անց հայտնաբերում են նաև Բաբկեն Բ-ին, որը նույնպես բերման է ենթարկվում ոստիկանության կենտրոնական բաժին։

Աղբյուրը նաև նշում է, որ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 202 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Արթուր Փ.-ն և Բաբկեն Բ-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել են։