Սերժ Սարգսյանի եղբոր որդու գործով դատական նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Իրավական

Սերժ Սարգսյանի եղբոր որդու, Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Դատավորը հայտարարեց, որ վկան երկու անգամ ծանուցվել է, սակայն երկու անգամ էլ վերադարձվել է ծանուցումը՝ չծանուցված նշումով։ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ միջնորդեց փոխել ապացույցների հետազոտման կարգը և սկզբում հետազոտել գործում առկա ապացույցները՝ հաշվի առնելով, որ վկաներն արդեն երրորդ դատական նիստն է չեն ներկայանում։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 2-ին ժամը՝ 13:00-ին։

Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու և պահելը) հատկանիշներով։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը 2018թ. սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից