Իրանի ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ վարչապետի այցի որոշումների կատարման վիճակը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

.

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։ Վերջինս ներկայացրել է ՀՀ վարչապետի Իրան կատարած այցի արդյունքում գրանցված որոշումների կատարողականների վիճակը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, սա երկու երկրների ԱԽ քարտուղարների առաջին հանդիպումն էր։ Կողմերը գոհունակությամբ նշել են, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, դրանց օրակարգում առկա է զարգացման միտում։

Քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդգծել է վերջերս Իրանի Մեջլիսում ԵԱՏՄ-ի հետ ժամանակավոր ազատ առևտրի գոտու պայմանագրի վավերացման փաստը՝ նշելով որ դա կարող է լավ խթան հանդիսանալ երկկողմ առևտրա-տնտեսական կապերի հետագա զարգացման համար։

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հրավիրել է իր Իրանցի գործընկերոջը Երևան և ստացել փոխադարձ հրավեր։

Անդրադարձ է կատարվել էներգետիկ, անվտանգության, պարենային, ենթակառուցվածքների ոլորտներում առկա համագործակցությանը և դրա ծավալման անհրաժեշտությունը։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հատուկ կարևորել է Ղարաբաղյան հիմնահարցում Իրանի կողմից ցուցաբերվող հավասարակշռված վերաբերմունքը, ինչին Ալի Շամխանին արձագանքել է, որ Իրանի համար կարևոր է տարածաշրջանում խաղաղության հաստատումը և համագործակցության խորացումը։