Կոպիրկինը Մարուքյանին հրավիրել է մասնակցելու Մոսկվայում կայանալիք միջազգային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

1

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունիսի 18-ին հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին տեղեկանում ենք «Լուսավոր Հայաստան» խմբակցության ֆեյսբուքյան էջից:

Հունիսի 27-28-ը ՌԴ մայրաքաղաքում տեղի է ունենալու ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցելու է նաև Էդմոն Մարուքյանը:

ՌԴ դեսպանի հետ քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգին առնչվող մի շարք հարցեր: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել առաջարկել հայկական և ռուսական կողմերին միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստերից մեկի աշխատանքները կազմակերպել Գյումրիում:

Դեսպանն Էդմոն Մարուքյանին է հանձնել Մոսկվայում հուլիսին կայանալիք «Պառլամենտարիզմի զարգացումը» թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու հրավեր: