Թուրքիան աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով Եվրոպայում առաջինն է

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

.

Թուրքիան աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով աշխարհում առաջնային շարքերում է: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության փոխնախագահ Վելի Աղբաբան «Դիսք» արհմիությունների միավորման ղեկավարության հետ հանդիպմանը:  Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Աղբաբան տեղեկացրել է նաև, որ վերոնշյալ ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում առաջինն է:  Ըստ թուրք ընդդիմադիր գործչի՝ այդ երևույթի դեմ առավել արդյունավետ պայքարը հնարավոր է այն դեպքերում, երբ աշխատավորներն ընդգրկված են լինում արհմիությունների մեջ, որոնք էլ կոչված են պաշտպանելու նրանց իրավունքները:

Աղբաբան, հիշեցնելով 2014-ին ավելի քան 300 մարդու մահվան պատճառ դարձած Սոմա ածխահանքի աղետը, նշել է, որ այդ աղետից մինչ այսօր Թուրքիայի հանքահորերում նույնքան հանքափոր է զոհվել տարբեր պատահարների ու աշխատանքային վատ պայմանների հետևանքով:

ԺՀԿ-ի փոխնախագահն ուշադրություն է հրավիրել նաև վերջին շրջանում Թուրքիայում աճող գործազրկության վրա: Աղբաբայի ներկայացրած տվյալների համաձայն՝ երկրում այս պահին գործազուրկների թիվը հասել է 8.5 միլիոնի:

Նշվում է, որ մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ու Ստամբուլում չեղարկված և հունիսի 23-ին նշանակված նոր ընտրությունների հետևանքով գործազրկության թիվը կրկին աճելու միտումներ ունի: