Պարզվում է, Արտակ Զեյնալյանի հրաժարականը «հակաքոչարյանական» ենթատեքստ ունի․«Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 19, 24News

Արտակ Զեյնալյան 54545

«Արտակ Զեյնալյանի հրաժարականը, պարզվում է, «հակաքոչարյանական» ենթատեքստ ունի` կապված Ռ․ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի ու նրան պատկանող «Կոնցեռն դիալոգ» ընկերության հետ, որը 3 ամիս առաջ հաղթող է ճանաչվել նախարարության հայտարարած մրցույթում։

«Հյուսիս-հարավ» ծրագրից դուրս մնացած իսպանական «Կորսան կորվիամ» ընկերությունը դիմել է միջազգային արբիտրաժ՝ ընդդեմ ՀՀ կառավարության։ Եվ կառավարությունը մրցույթ է հայտարարել, որ որոշի, թե որ կազմակերպությունն է ներկայացնելու իր շահերն արբիտրաժում։ Հաղթող է ճանաչվել շվեյցարական «Lalive» ընկերությունը, սակայն միջազգային պրակտիկայում ընդունված է, որ մրցույթին ներգրավեն տեղական որևէ ընկերության։  «Lalive»-ի հայաստանյան գործընկերն Արամ Օրբելյանի «Կոնցեռն դիալոգն» է։

Այսինքն՝ «Կոնցեռն դիալոգը» ոչ թե ինքնուրույն է հաղթել տենդերը, այլ՝ միջնորդավորված։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մրցույթից հետո իմանալով, թե ով է հաղթել, խիստ զայրացել է, և կուժն ու կուլան կոտրվել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխին, ով աչքաթող է արել նման կարևոր փաստը և թույլ տվել, որ թշնամու ճամբարից մեկը պետբյուջեից փող ստանա ու ներկայացնի ՀՀ կառավարության շահերը դրսում։ 

Զեյնալյանը, իհարկե, բացատրել է, որ ինքը որևէ առնչություն չի ունեցել մրցույթի հետ և չէր կարող «միջամտել» դրա ընթացքին, բայց դա չի հետաքրքրել Փաշինյանին։

Չգիտենք՝ սա եղել է վերջին կաթի՞լը, թե՞ Զեյնալյանին ասվել է, որ դիմում գրի։ Արամ Օրբելյանը հաստատեց, որ իր ընկերությունը մասնակցել և հաղթել է մրցույթում, որի պայմանագրի արժեքը մոտ 1.2 մլն դոլար է, բայց նշեց, թե չի կարծում, որ դա է եղել Զեյնալյանի հրաժարականի պատճառը։ Պայմանագիրը կստորագրվի մոտ օրերս։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Արտակ Զեյնալյանից, բայց նա նույնիսկ պաշտոնը թողնելուց հետո չի պատասխանում զանգերին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: