Քոչարյանի պաշտպանները դատավորին կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանին։ Սա պաշտպանների 3-րդ միջնորդությունն է։

Ինքնաբացարկի միջնորդությունը հրապարակեց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։ Ըստ պաշտպանների՝ դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքն այս անգամ նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի՝ հունիսի 18-ի դատական նիստում դրսևորած վարքագիծն է։ Խուդոյանը հիշեցրեց, որ հունիսի 1-ի դատական նիստում նախագահող դատավոր Դանիելյանը պարբերաբար ընդհատել է պաշտպաններին՝ թույլ չտալով նրանց առարկություններ ներկայացնել իր գործողությունների դեմ։

«Դատավորի գործողությունների արդյունքում սահմանափակվել են պաշտպանների իրավունքները, ինչը հիմք է տվել պաշտպանական կողմին պնդելու, որ նախագահող դատավորը կանխակալ վերաբերմունք ունի մեղադրյալների նկատմամբ»,- հայտարարեց Խուդոյանը։