Ձերբակալվել են կեղծ փողեր պատրաստողները․ նրանց բնակարաններից հայտնաբերվել են տպելու սարքեր

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 42-ամյա և Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում ապրող 34-ամյա տղամարդիկ կեղծ փողեր են պատրաստում և իրացնում։ Այս մասին հայտնում է ոստիկանությունը:

Նրանք վերցվեցին ոստիկանների օպերատիվ տեսադաշտ։ Տեղեկությունների իսկությունը պարզելու միջոցառումներին միացան ոստիկանության օպերատիվ ծառայությունների աշխատակիցներ, կազմակերպվեցին դարանակալումներ և օպերատիվ նկարահանումներ։ Քրեական հետախույզները քողարկված հետևեցին նրանց շարժին։ 

Տեսանկարահանումից հստակ երևում է, որ միրգ գնող տղամարդը վաճառողին տալիս է ակնհայտ կեղծ 5000-անոց, ինչից հետո վաճառողը սկսում է հետապնդել նրան, բայց ոչ շատ երկար։ Դարանակալած ոստիկանները տղամարդուն բռնում են ու կեղծ թղթադրամ իրացնելու կասկածանքով բերման ենթարկում ոստիկանության Կենտրոնական բաժին։ 

Բերման ենթարկվածի խուզարկությամբ հայտնաբերվեց 5000 դրամ անվանական արժեքով 9 հատ կեղծ թղթադրամ, որոնք առգրավվեցին ու փաթեթավորվեցին։ Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ նա հայտնաբերված կեղծ փողը անվանական արժեքից մի քանի անգամ էժան գնել է Երասխահուն գյուղի 35-ամյա մի բնակչից։ 

Տեղեկությունը փոխանցվեց ոստիկանության Արմավիրի բաժին։ Արդյունքում ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված մյուս անձն էլ հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ 

Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին նրանց բնակարաններում։ Հայտնաբերվեցին տպելու սարքավորումներ և հատուկ թղթեր, որոնք նույնպես առգրավվեցին։ 

Բերման ենթարկված անձինք ձերբակալվել են։ 

Նշանակվել են փորձաքննություններ։ 

Հանգամանքները քննությամբ պարզվում են։