Չեխիայի գործընկերներից դեռևս որոշում չենք ստացել. գլխավոր դատախազը՝ Նարեկ Սարգսյանի մասին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

Արթուր Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասեկոսե է համարել այն տեղեկությունը, որ Չեխիայի արդարադատության նախարարն Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել։

«Որ պահին մենք հստակ  պաշտոնական պատասխան ստանանք, մենք չեն պատրաստվում դրանք պահել: Այդ լուրերը գնահատում եմ ասեկոսեներ, որովհետև պաշտոնապես մենք մեր գործընկերներից դեռևս որևէ արդյունքի վերաբերյալ ո՛չ բավարարման, ո՛չ մերժման որոշում չունենք», - ասել է Արթուր Դավթյանը։

Նշենք, որ երեկ իր գործով դատական նիստին լրագրողների հարցերին ի պատասխան Ալեքսանդր Սարգսյանի մյուս որդին՝ Հայկ Սարգսյանը, ասել էր, որ, ըստ իր ունեցած տեղեկության, Չեխիայի արդարադատության նախարարն իր եղբորը՝ Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել։

Ավելի վաղ Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Պրահայի մունիցիպալ դատարանը մայիսի 29-ին բավարարել է Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը։

Չեխական օրենսդրության համաձայն՝ արտահանձնման վերջնական որոշումը պետք է կայացնի երկրի արդարադատության նախարարը: