Լոռու մարզի 22-ամյա բնակչին բազմադրվագ գողության գործով մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

ՔԿ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական  գործով ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են մի շարք գողություններ: Մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդի: Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախնական տվյալների համաձայն՝ 2019-ի ապրիլի 27-ին՝ ժամը 23։45-ից մինչև հաջորդ օրը՝ ժամը 07։40-ն ընկած ժամանակահատվածում, 1996 թ. ծնված երիտասարդը, որը Լոռու մարզի բնակիչ, նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի գործադրմամբ մուտքի դուռը բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել Երևանի Փափազյան փողոցում  գտնվող հացաբուլկեղենի վաճառակետ և հափշտակել զովացուցիչ ընպելիքներ և արևածաղիկ։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած 22-ամյա երիտասարդը տարբեր ժամանակահատվածներում առերևույթ կատարել է նաև այլ գողություններ ևս: Իրականացված քննչական և դատավարական  մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել է նույն անձի կողմից կատարված գողության և գողության փորձի ևս 6 դրվագ:

Այսպես՝ 2019 թվականի ապրիլի 01-ին՝ ժամը 21։10-ից մինչև հաջորդ օրը՝ ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, 22-ամյա երիտասարդը, իր ծանոթի հետ, նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի գործադրմամբ, բացելով Երևան քաղաքի Կասյան փողոցում գտնվող բջջային հեռախոսների և աքսեսուարների վաճառակետի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել վաճառակետ և հափշտակել բջջային հեռախոսների աքսեսուարներ՝ պատճառելով խոշոր չափերով գույքային վնաս։

Այնուհետև, 2019 թվականի ապրիլի 09-ին՝ ժամը 05։30-ից մինչև ժամը 05։40-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի գործադրմամբ, երիտասարդը փորձել  է բացել Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի շենքերից մեկի առաջին հարկում տեղակայված միրգ-բանջարեղենի պահեստարանի մուտքի դուռը, սակայն, զգալով բացահայտման վտանգը, ոչինչ չհափշտակելով, դիմել է փախուստի՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով։

Բացի դրանից՝ 2019 թվականի ապրիլի 01-ին՝ ժամը 05։05-ին, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, 22-ամյա երիտասարդը, նախապես իր մոտ պահվող երկաթյա  լինգի գործադրմամբ բացելով Երևան քաղաքի Փափազյան փողոցում գտնվող հացաբուլկեղենի վաճառակետի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել վաճառակետ, որտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերով կանխիկ գումար։

Գողության մյուս դրվագը գրանցվել է 2019 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 05։10-ի մինչև 05։55-ն ընկած ժամանակահատվածում: Այսպես՝ նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի գործադրմամբ մուտքի դռան ապակին կոտրելու եղանակով, երիտասարդն ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Հր․Քոչար փողոցում գտնվող վաճառակետ և այնտեղից հափշտակել դրամարկղի պահոցը և դրանում առկա կանխիկ գումարը։

Բացի դրանից՝ 2019 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 05։20-ի սահմաններում, նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի միջոցով նույն անձը փորձել է բացել Երևան քաղաքի Հր․Քոչար փողոցում տեղակայված արագ սննդի կետի մուտքի դուռը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել և ոչինչ չհափշտակելով՝ հեռացել է։

2019 թվականի մարտի 31-ին՝ ժամը 00։10-ից մինչև նույն օրվա առավոտյան ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում գործող մթերային խանութի հետին պատի ապակեպատ հատվածը, ապօրինի մուտք է գործել խանութ և այնտեղից գաղտնի հափշտակել կոնյակ, ծխախոտ, փքաբլիթներ, սուրճ, լոգանքի գել և կանխիկ գումար։

Նախաքննության ընթացքում ստացվել են տեսանկարահանող սարքի տեսագրությունները, ենթարկվել զննության: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատամատնադրոշմային փորձաքննություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Հատկանշական է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ ի սկզբանե որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Սակայն վերջինս շարունակել է իր հանցավոր գործունեությունը, չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին և կատարել է նմանատիպ հերթական հանցագործությունը: Արդյունքում՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և միայն հայտնաբերվելուց հետո քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրվելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` նշված անձի կողմից հնարավոր այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, մասնակից հնարավոր այլ անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: