Տարեսկզբից մինչև հունիսի 17-ը Հայաստանում փախստականի կարգավիճակ է ստացել 36 անձ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

Հայաստանում 2019 թվականին մինչև հունիսի 17-ն ապաստան է հայցել 77 անձ՝ Իրանից, Կուբայից, Սիրիայից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իրաքից, Եմենից, Ռուսաստանի Դաշնությունից, Հնդկաստանից, Գվինեայից, Ադրբեջանից, Հորդանանից, Ուկրաինայից և Վրաստանից:

Այս մասին Փախստականների համաշխարհային օրվան նվիրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության ինտեգրման հարցերի բաժնի պետ Իրինե Հակոբյանը:

«Վերջին տվյալներով սույն թվականի մինչև հունիսի 17-ը Իրանից ապաստան է հայցել 29, Կուբայից՝ 19, Սիրիայից՝ 10 անձ: Եգիպտոսից, Թուրքիայից և Իրաքից 3-ական մարդ, Հնդկաստանից, Գվինեայից, Ադրբեջանից, Հորդանանից, Ուկրաինայից և Վրաստանից 1-ական անձ: Երկու հոգի էլ դիմել է Եմենից և ՌԴ-ից»,- նշեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ նույն ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետությունում փախստականի  կարգավիճակ է ստացել 36 անձ:

«ԻԻՀ-ից 12 հոգի ստացել է փախստականի կարգավիճակ, Սիրիայից՝ 7, Լիբանանից՝ 5, Իրաքից՝ 4 հոգի: Կոնգոյից, Պակիստանից, Ուկրաինայից, Եմենից նման կարգավիճակ ստացել է 1-ական անձ, իսկ Աֆղանստանից և Թուրքիայից՝ 2-ական հոգի»,- ասաց ՄԾ ինտեգրման հարցերի բաժնի պետը:

Այդ անձանց համար իրականացվում են ինտեգրման տարբեր միջոցառումներ՝ հայոց լեզվի, քաղաքացիական կողմնորոշման դասընթացների կազմակերպում, ժամանակավոր կացարանի տրամադրման օժանդակություն, ինտեգրման գործընթացի համար անհրաժեշտ կառուցակարգերի մշակում:

«Քաղաքացիական կողմնորոշման դասընթացների ժամանակ փորձում ենք փախստականներին ներկայացնել, թե ինչպիսի երկիր է Հայաստանը՝ պատմությունը, մշակույթը և այլն: Ինտեգրման գործընթացի ժամանակ ճանաչված անձանց կարիքներն ենք գնահատում և առաջարկում մեր կողմից իրականացվող ծառայությունները»,- ասաց Հակոբյանը:

ՀՀ-ում փախստական ճանաչված անձինք վարձատրվող աշխատանքի իրավունք ունեն, բացառությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում:

«Փախստականի կարգավիճակ ստացած անձը կարող է ունենալ սեփականություն, բացի հողի սեփականության իրավունքից: Ազգային օրենսդրությամբ այդ իրավունքը տրվում է ՀՀ քաղաքացիներին և ՀՀ-ում հատուկ կարգավիճակ ստացած օտարերկրացիներին»,- ընդգծեց Իրինե Հակոբյանը:

Նա նաև նշեց, որ փախստականներն ունեն իրավունք մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: