Նորագավիթի մաքսատունը իր փառերով Գյումրի չենք տեղափոխելու, մեծ շինարարություն է արվելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը վարչապետից հետաքրքվեց, թե ինչ ընթացքի մեջ է հանձնարարականը, ըստ որի ավտոմաքսատունը Երևանից պետք է Գյումրի տեղափոխվի։

«Ցանկացած հանձնարարական և գաղափար կյանքի կոչելու համար որոշակի ժամանակ և ընթացակարգ է պահանջում. Ճանապարհների ասֆալտապատում, շինարարություն և այդպես շարունակ», - պատասխանեց վարչապետը։

Փաշինյանն ասաց, որ կառավարությունում երեկ ՊԵԿ ռազմավարությունն են քննարկել, որտեղ տեղ ունի արտաքին տնտեսական գործունեության կենտրոններ բացելու գաղափարը։

«Գյումրիում արդեն տարածքն ընտրվել է, և այնտեղ շատ ավելի ընդարձակ գործառույթներ ունեցող մաքսային կայան կկառուցվի։ Քննարկել ենք այդպիսի մի կենտրոն ունենալ Գյումրիում, մյուսն ունենալ Սիսիանում։ Գաղափարն այն է, որ այդ երկուսը պետք է տեղակայված լինեն Հյուսիս-հարավ ճանապարհին զուգահեռ։ Գործընթացն ընթացքի մեջ է, այն կարվի հնարավորինս արագ։ Հույս ունեմ, որ մենք չենք մտածում, թե այն նույն վիճակը, որ այսօր ունենք Նորագավիթում, նույն իրավիճակը, տենց փառերով տեղափոխել Գյումրի։ Ներդրումները պետք է արվեն լուրջ և նախագծային գործընթացն արդեն սկսված է», - եզրափակեց վարչապետը։