Մուսուլմանացված հայերի մասին ֆիլմի հեղինակներին «Yeni Akit»-ը որակել է «դավաճան»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

Մուսուլմանացված հայերի մասին նկարահանված «Թաքնված խաչ» ֆիլմի ռեժիսորները դատի կտան ֆիլմի հեղինակներին պիտակավորած թուրքական ազգայնամոլական «Yeni Akit» թերթին, տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ալթան Սանջարի ու Սերհաթ Թեմելի նկարահանած ֆիլմը Դիարբեքիրի Էղիլ շրջանի մուսուլմանացված հայերի մասին է: Ֆիլմի շնորհանդեսը տեղի էր ունեցել հունիսի 16-ին Դիարբեքիրի քաղաքապետարանում:

Ազգայնամոլական թերթի հոդվածում ֆիլմը նկարահանողներին տրվել է «դավաճան» պիտակավորումը:

«PKK ահաբեկչական կազմակերպության համակիրները Թուրքիայի ներսում աջակցում են հայերին ցեղասպանության ենթարկելու՝  Թուրքիային ուղղված Արևմուտքի մեղադրանքներին: Ռեժիսոր Ալթան Սանջարը, ով ասում է, թե հայի թոռ է, իր նկարահանած «Թաքնված խաչ» ֆիլմով աջակցում է հայկական պնդումներին»,- ասվում է  «Yeni Akit» հրապարակման մեջ:

Սանջարը Twitter-ում կատարած գրառմամբ հայտնել է, որ իրենք պատրաստվում են դատի տալ բացահայտ կերպով իրենց թիրախավորած ազգայնամոլական թերթին:

«Ցանկանում ենք, որ բոլորն իմանան, որ մեզ պատահելիք հնարավոր բոլոր բացասական իրադարձությունների մեղավորը «Yeni akit»-ն է»,- գրել է ֆիլմի ռեժիսորը: