Unibank

Unibank Mobile

Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

.

Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 19-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ:

Հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը: ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանն առնչվող հարցերի լայն շրջանակ և ընդգծել փոխադարձ պատրաստակամությունը՝ ընդլայնելու և առավել հարստացնելու բազմաոլորտ համագործակցության օրակարգը:

Անդրադառնալով այս տարվա մայիսին Երևանում կայացած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է նման ձևաչափի և ներկայացուցչական մակարդակով հանդիպման անցկացումը և վերահաստատել հայկական կողմի հանձնառությունը կյանքի կոչելու վերջինիս արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Նախարարի խոսքով՝ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որը ներառում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ գիտակրթական, էներգետիկ, առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և նորարարության, զբոսաշրջության և այլ ասպարեզներում, նաև նպաստում է Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգի առաջմղմանը՝ այդ թվում նաև թիրախային ծրագրերի իրականացման միջոցով: Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը՝ որպես գերակա առաջնահերթություն ընդգծելով դատաիրավական և ոստիկանության ոլորտները:

Այս համատեքստում նախարար Մնացականյանն առանձնահատուկ արժևորել է բարեփոխումների կայունության և արդյունավետության ապահովման նպատակով տարբեր միջազգային գործընկերների աջակցության համադրման և համակարգման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցերի շուրջ: Հունիսի 20-ին Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին:

Տեսանյութեր

Live

Լրահոս