Իրանն ամերիկյան արտադրության անօդաչու է խոցել․ ԱՄՆ պաշտոնյաները հաստատում են

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1
BBC-ն հայտնում է, որ մի շարք ամերիկացի պաշտոնյաներ հաստատել են իրանական պետական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, ըստ որի՝ Իրանն ամերիկյան արտադրության անօդաչու է խոցել: Աղբյուրը մանրամասնել է, որ անօդաչուն խոցվել է իրանական «ցամաք-երկինք» դասի հրթիռով Հորմուզի նեղուցի միջազգային օդային տարածքում:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսմ իր հերթին հայտարարել է, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքը ներխուժել է երկրի հարավային Հորմոզգան նահանգի օդային տարածք, և որ իրենք խոցել են RQ-4 Global Hawk անօդաչու, սակայն ամերիկացի պաշտոնյաները հստակեցրել են, որ խոսքը MQ-4C Triton-ի մասին է:

Daily Mail-ը ևս անդրադարձել է միջադեպին՝ տեղեկացնելով, որ Իրանի խոցած անօդաչուն հետախուզական է, արժի 220 մլն դոլար: Սարքը կործանելու համար Իրանն օգտագործել է գերկատարելագործված հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռ:

«Իրանը երբեք թույլ չի տա խախտել իր օդային սահմանները»,-ասել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։

«Մեր օդային տարածքը կարմիր գիծ է, և Իրանը մշտապես ուժեղ պատասխան է տալու օդային սահմանների խախտման ցանկացած դեպքի»,-ասել է Ալի Շամխանին: