3 բասկետբոլիստների ազատել են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել 3 երիտասարդի: Խոսքը 27-ամյա Րյան Բոաթրայթի, 26-ամյա Ալբերտ Թադեւոսյանի եւ 27-ամյա Արթուր Խաչատուրյանի մասին է:

Այս որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանց կառավարության որոշմամբ տարկետում է տրվել մինչեւ 2019 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ նրանց 27 տարին լրանում է 2019 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել նրանց ազատել շարքային կազմի պարտադիր զինծառայությունից։

Այս 3 երիտասարդները հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմում, աչքի են ընկնում արդյունավետ խաղով: Նրանք երեքն էլ հաշվառված են Երեւանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում: