10 և ավելի աշխատակից ունեցող ընկերությունում աշխատավարձի վճարումը դարձնել անկանխիկ․առաջարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն առաջարկում է 10 և ավելի աշխատակից ունեցող բոլոր ընկերություններում աշխատավարձերի վճարումը դարձնել անկանխիկ: Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին նախագիծը Պապոյանը ներկայացրեց ԱԺ-ի հունիսի 20-ի նիստում:

«Նախագիծն ուղիղ կապ ունի Հայաստանում ստվերի կրճատման հետ, մասնավորապես անկանխիկ գործարքների մշակույթի ներդրման հետ: Վարչարարության կիրառումը շատ կարևոր դեր ունի ստվերի կրճատման գործում, սակայն ՀՀ քաղաքացիներն են այն սուբյեկտները, որոնք իրենց վարքագծով տանում են դեպի առանց ստվեր Հայաստան: Այս նպատակի իրագործման համար առաջարկում եմ 10 և ավելի աշխատակից ունեցող բոլոր ընկերություններում աշխատավարձերի վճարումը լինի անկանխիկ»,-ներկայացրեց Պապոյանը:

Սակայն բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացուն հարմար չի լինի ստանալ անկանխիկ եղանակով, ապա նա կարող է դիմում գրել և աշխատավարձը ստանալ կանխիկ: Պատգամավորը նշեց, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ տեխնոլոգիապես և տնտեսապես զարգացած բոլոր երկրներում աշխատավարձի վճարումն իրականացվում է 100 տոկոսով անկանխիկ եղանակով: