Տիգրան Ուրիխանյանը «բարիշել» է Ծառուկյանի հետ. մանդատը վայր չի դնի․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

ԱԺ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, կարծես թե, կարողացել է «բարիշել» ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

Ինչպես հայտնի է, Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, թե դադարեցնում է իր լիազորությունները և անհետացել: Եվ պարզվում է, որ նա այդ հայտարարությունն արել էր այն բանից հետո, երբ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող իր հաղորդմանը հրավիրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որից հետո Գագիկ Ծառուկյանը վրդովվել էր:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Տիգրան Ուրիխանյանին հաջողվել է իր տարաձայնությունները հարթել Գագիկ Ծառուկյանի հետ և մանդատը վայր չդնել: Սակայն այժմ էլ նա անձնական խնդիրների պատճառով երկրից բացակայում է:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանից պարզել, թե երբ է Ուրիխանյանը վերադառնալու աշխատանքի, սակայն մեր զրուցակիցը հայտարարեց, որ ինքը որևէ տեղեկություն չունի ու չի կարող որևէ հարցի պատասխանել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։