Ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվել դեռևս խուսափել Վրաստան ուղևորություններից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

1

ՌԴ Դաշնային խորհրդում ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ են տվել դեռ խուսափել Վրաստան ուղևորություններից, հաղորդում է 360tv.ru-ն։

«Ես խորհուրդ կտայի ռուս զբոսաշրջիկներին դեռ խուսափել Վրաստան ուղևորությունից՝ չնայած վերջին տարիներին Վրաստանը դարձել է ռուս զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից մեկը: Ինչո՞ւ վտանգի ենթարկել ձեր կյանքը: Թող սկզբում վրացական իշխանությունները կարգավորեն իրավիճակը»,- հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։

Նա զգուշացրել է, որ առաջիկա օրերին Թբիլիսիում իրավիճակը կարող է լարված լինել: Ջաբարովը նաև կոչ է արել վրաց իշխանություններին հրապարակայնորեն դատապարտել «այս տհաճ միջադեպը»:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ Facebook-ում գրառում էր արել, ըստ որի՝ Մոսկվան է պատասխանատու Վրաստանում բողոքի ակցիաների համար: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ «ապակառուցողական» ընդդիմադիր ուժերը, որոնք բռնություն են հրահրում, իրականացնում են «Մոսկվայի պլանը»։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները  սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:

Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, մի քանի անգամ փորձել ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջել  խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:

Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում հաղորդվել է ավելի քան 70 տուժածի մասին: Երկրի արտգործնախարարությունը Թբիլիսիում ցույցերը անվանել է պետական հեղաշրջման փորձ: