Իրանի շուրջ իրավիճակը պատերազմի շեմին է. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

1

Իրանի շուրջ իրավիճակը պատերազմի շեմին է, ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով Իրանին՝ ԱՄՆ-ի հարվածելու մտադրության մասին հաղորդումը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ավելի վաղ New York Times թերթը, հղում կատարելով վարչակազմում ունեցած աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել ամերիկյան անօդաչու սարք խփած Իրանին ռազմական հարվածներ հասցնելուն, բայց հետո մտափոխվել է։

«Ես չեմ գնահատի այն, թե իրականում ինչ է տեղի ունեցել վերջին ժամերին, բայց այն տեղեկատվությամբ, որ ստանում ենք, միանգամայն ակնհայտ է, որ իրավիճակը չափազանց վտանգավոր է։ Դա ես կանվանեի պատերազմի շեմին հավասարակշռություն»,- լրագրողներին ասել է Ռյաբկովը։

«Անկախ գործողության բնույթից, դրա մասշտաբներից, նպատակներից, խնդիրներից՝ ասպեկտն ինքնին, որ այն արդեն գտնվում է որոշում կայացնելու շեմին, ուժի կիրառման օգտին վկայող փաստ է, այդ փաստը հաստատում է այն, ինչը մենք ասում ենք մշտապես՝ ԱՄՆ-ը գիտակցված իրավիճակի սրման գիծ է տանում»,- ավելացրել է նա։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի զինված ուժերի մի մասը) հինգշաբթի տեղեկացրել էր, որ իրանական զինված ուժերը Պարսից ծոցում՝ երկրի հարավում խփել են ամերիկյան անօդաչու սարք՝ այն բանից հետո, երբ այն խախտել էր Իրանի օդային տարածքը։ Ավելի ուշ ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել էր, որ իրանական զենիթահրթիռային համալիրը խփել է ԱՄՆ ՌԾՈւ անօդաչու սարք Հորմուզի նեղուցում՝ միջազգային օդային տարածքում։