Ամենայն հավանականությամբ վեթինգ իրականացնող մարմինը լինելու է հենց ԲԴԽ-ն. Լիլիթ Մակունց

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է վեթինգ իրականացնող մարմնի ընտրությանը՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ այն կիարականացնի ԲԴԽ-ն։

«Զբաղվում ենք վեթինգի գործընթացով և նրանով, թե որն է ամենաարդյունավետ ճանապարհը այն իրականացնելու համար: Աշխատում էինք նաև նախագծի վրա, մանրամասները հիմա չեմ հրապարակի միայն մի բանի համար, որովհետև, կարծում եմ, մինչև ամսվա վերջ այդ թեմայով հրապարակում կլինի, թե ինչ ուղիներով ենք պատկերացնում վեթինգի իրականացումը, թե ինչպիսին է ճանապարհային քարտեզը»,-հայտարարել է Մակունցը:

Մակունցը նաև նշել է, որ  վեթինգի վերաբերյալ այլ խմբակցություններից՝ ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից, առաջարկներ դեռ չեն ստացել։

«ԼՀԿ-ի առանձին պատգամավորների հետ եղել են մասնավոր քննարկումներ և համաձայնեցում մասնավորապես այն հարցի վերաբերյալ, որ երբ արդեն կունենանք փաստաթուղթ, որի վրա կարող ենք հիմնվել, ԼՀԿ-ն ունի նաև առաջարկներ, օրինակ, վեթինգի անցկացման չափանիշների հետ կապված:

Դա ես՝ որպես խմբակցության ղեկավար, ուրախությամբ եմ ընդունել և պատրաստակամություն եմ հայտնել քննարկելու: Իրենք այդ առնչությամբ որոշակի պատկերացումներ ունեն, որը կքննարկենք անպայման», - ասել է Մակունցը: