Հանրությունն ինքը պետք է որոշի իր երկրին հարմար հակակոռուպցիոն մարմնի մոդելը․ KNAB

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

1

Հունիսի 20-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության` Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներ Սյուզաննա Սողոմոնյանը եւ Մարիամ Զադոյանը հանդիպեցին Լատվիայի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի` Կոռուպցիայի դեմ պայքարի եւ կանխարգելման բյուրոյի (ԿՆԱԲ-KNAB) Կոռուպցիայի դեմ պայքարի եւ կանխարգելման դեպարտամենտի ղեկավար Ռինարս Ռեյնիքսի, Բյուրոյի հակակոռուպցիոն կրթության ներկայացուցիչ Դեյվիս Սիրմայսի եւ հակակոռուպցիոն ռազմավարական վերլուծության դեպարտամենտի համակարգողի հետ։

Այցի շրջանակներում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության ներկայացուցիչներին ներկայացվեց Լատվայի Կոռուպցիայի դեմ պայքարի եւ կանխարգելման բյուրոյի երեք ուղղությունները՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ գործունեություն, հակակոռուպցիոն կանխարգելում եւ հակակոռուպցիոն կրթություն, ինչպես նաեւ երկրում կոռուպցիայի դեմ պայքարի այլ գործոններ։

Հատկանշական է, որ ոչ շատ վաղ անցյալում Բյուրոյում տեղի է ունեցել վերակազմավորում, որի արդյունքում Բյուրոն՝ իր գործունեության երեք ուղղություններին ավելացրել է նաեւ մեկը․ հակակոռուպցիոն ռազմավարական վերլուծությունը եւ այդ նպատակով իր կազմում ստեղծել է Ռազմավարությունների մշակման դեպարտամենտ (Department of Strategy)։ Հիշյալ դեպարտամենտը ունի չորս ենթաբաժին, որոնք իրականացնում են ռազմավարական վերլուծություն, քաղաքականությունների մշակում, տեղեկությունների հավաքագրում եւ վերլուծություն, ինչպես նաեւ ռազմավարական հաղորդակցություն։

Կոալիցիայի ներկայացուցիչները հետաքրքրվեցին նաեւ Բյուրոյի անկախության ապահովման օրենսդրական երաշխիքների մասին, ի պատասխան որի պարոն Ռեյնիքսը հայտնեց, որ չնայած այն հանգամանքին, որ Բյուրոն գտնվում է Վարչապետի հսկողության ներքո, այդուհանդերձ Վարչապետի լիազորությունները շատ սահմանափակ են եւ դրանք հիմնականում ընդգրկում են Բյուրոյի կառուցվածքին ուղղված որոշ լիազորություններ։ Ավելին, հենց անկախության բարձր երաշխիքների ապահովման նպատակով, Բյուրոյի ղեկավարին ընտրում է Լատվիայի խորհրդարանը։ Եվ այս տեսանկյունից, թերեւս, ուշագրավ է այն, որ Բյուրոյի գործող ղեկավարին ընտրել է Խորհրդարանը՝ 0 դեմ ձայնով։ Այսինքն, Բյուրոյի ղեկավարը կոնսենսուսի հիման վրա է ընտրվել։

Առանձնակի ուշադրության է արժանի նաեւ Բյուրոյի կողմից իրականացվող այն աշխատանքները, որոնք ուղղված կուսակցությունների ֆինանսավորմանը եւ դրանց գործունեության թափանցիկության ապահովմանը, վեթինգի իրականացմանը, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց կողմից նվիրատվությունների եւ փոխառությունների սահմանափակումներին։

Ամփոփելով՝ Բյուրոյի ներկայացուցիչները նշեցին, որ հանրությունը ինքը պետք է որոշի իր երկրին հարմար հակակոռուպցիոն մարմնի մոդելը՝ նկատի ունենալով ներքին առանձնահատկությունները, փորձն ու համատեքստը։ Սակայն, կարեւոր է, որ հակակոռուպցիոն մարմինը լինի միասնական, տիրապետի իր գործունեության համար կարեւոր տեղեկությունների եւ կախված չլինի որեւէ ազդեցությունից կամ իրավական սահմանափակումներից, որը կարող է կասկածի տակ դնել մարմնի անկախությունը, կոռուպցիայի դեմ պայքարի միասնականությունը եւ արդյունավետ գործունեությունը։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության ներկայացուցիչները եւս ներկայացրեցին Հայաստանում ընթացող հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը, այդ թվում կոալիցիայի հետեւողականությունն ու ջանքերը Հայաստանում մեկ ունիվերսալ անկախ հակակոռուպցիոն մասնագիտական մարմին ստեղծելու ուղղությամբ: Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվեցին հուշանվերներով։