Աննա Հակոբյանը ցավակցական խոսք է հղել բանաստեղծ Կարինե Աշուղյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Հասարակություն

ՀՀ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը ցավակցական խոսք է հղել բանաստեղծ Կարինե Աշուղյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից:

«Մեծագույն ցավ ապրեցի` տեղեկանալով բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, լավ ընկեր Կարինե Աշուղյանի անժամանակ մահվան մասին: Մեծ է նրա ավանդը հատկապես գրական ու  թարգմանչական գործում: Նա բացառիկ գեղեցկությամբ և վարպետությամբ է թարգմանել Մարինա Ցվետաևայի, Աննա Ախմատովայի, Նաթելլա Լալաբեկյանի և այլոց ստեղծագործությունները: Իսկ իր` Կարինե Աշուղյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով` աշխարհին ներկայացնելով հայ ժամանակակից գրական միտքը:  Իմ վշտակցությունն եմ հղում Կարինե Աշուղյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին: Կորուստն անդառնալի է, քանի որ մենք կորցրել ենք հրաշալի բանաստեղծի, տաղանդավոր մարդու և լավ ընկերոջ»,-ասված է Հակոբյանի ցավակցական խոսքում: