Որպես ՍԴ անդամ շարունակում են պաշտոնավարել, բայց որոշում ընդունելու լիազորություն չունեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 22, 24News

.

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը իր Facebook-ի էջում գրառում է կատարել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակի մասին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Պարզաբանեմ նաև ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Այս և այլ հոդվածներում չի նշվել, որ ՍԴ անդամն իրավունքի ուժով ձեռք է բերում դատավորի կարգավիճակ, իսկ անդամի կարգավիճակով իրենք այո շարունակում են պաշտոնավարել, սակայն որոշում ընդունելու լիազորություն չունեն:

Նախագահի դեպքում, վերջինս իր կարգավիճակը կորցնում է, եթե դատավոր չէ: Թովմասյանը չի հանդիսանում դատավոր, նա շարունակում է պաշտոնավարել որպես ՍԴ անդամ, հետևաբար չի կարող լինել ՍԴ նախագահ:

Բայց այս «բացթողման» հեղինակներն այսօր իրենց կոտորում են, թե Վահե Գրիգորյանն է մեղավոր, փոխարենն արժանապատվություն ունենան իրենց սխալն ընդունելու»:

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը հունիսի 20–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ստանձնելու է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը։ Ավելի ուշ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ Հրայր Թովմասյանը այլեւս Սահմանադրական դատարանի դատավոր չէ և չի էլ եղել այդպիսին:

Ըստ պատգամավորի՝ ոստիկանությունը չպետք է թույլ տա ոչ դատավորին մուտք գործել ՍԴ–ի վարչական տարածք։